Ես` ՀՀ քաղաքացիս,ըստ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի եսիմորերորդ օրենքով սահմանված կարգի, կմասնակցեմ Ազգային Ժողովի ընտրություններին ու կընտրեմ անխտիր բոլոր կուսակցություններին ու թեկնածուներին , քանի որ նրանցից յուրաքանչյուրի քարոզարշավի հիմքում առկա են նվաստ քաղաքացուս բոլոր ցանկությունները:
Նրանցից մեկն ինձ խոստանում է,որ եթե ես ձգեմ թոշակային տարիքի , իմ աշխատանքային կենսաթոշակի ու հիմնական կենսաթոշակի ամսական գումարն այնքան կլինի, որ ես առանց որևէ մեկի ֆինանսական միջնորդության և միայն այդ գումարով իմ ոչ պակաս զառամյալ ամուսնու հետ կարող եմ մեկնել, ենթադրենք, Բորո-Բորո` ծերունական վայելքների գերին դառնալու. իսկ ինձ,որպես զառամյալ և փափկասուն մի տիկնոջ,այդ տարիքում էլ ի՜նչ պետք կգա երջանկությունս բոլորելու համար...
Մյուսն ինձ խոստացել է երկիրս մաքրել ամեն տեսակի կեղտ ու չարիքից,սոցիալական անհավասարությունից, անարդարություններից ,վատից ու գարշելիից այնպես,որ հայրենիքս մի քանի ամսում նախանձելի կդառնա ֆրանսիացու կամ գերմանացու համար. իսկ ես միշտ տենչացել եմ, որ իմ ապագա զավակներն ապրեն եդեմական դրախտավայրում...
Մյուսն ազնիվ է գտնվել ու ռեալիստորեն փաստել է այն մասին, որ ընտրվելուն պես կհոգա իր և իր ընտանիքի բոլոր կարիքները, կապահովի զավակներին ամեն ինչով, այս տարի արագի մեջ կպսակի իր դստերն ու որդուն այնպես, որ ողջ ազգը կթնդա գոռում-գոչյուններից : Ավետարանում ասվում է` ցանկացի՜ր մերձավորիդ. և ես ցանկացնում եմ նրան,սակայն ոչ բառիս բուն իմաստով...
Մեկը խոստացավ վերադարձնել պապերիս հողերն ու միասին ապրել ծովից ծով էրգրում, մեկ ուրիշը անիմաստ բարբաջեց, սակայն ես նրան ևս սիրեցի,որովհետև նա կատարեց իր ավանդական ու դարերով եկած պարտականությունը, մյուսը ,որը նորեկ էր ,ասես մեր օրերի Անդերսենը լիներ. իսկ մենք հեքիաթների կարիք մեր օրերում շա՜տ ունենք...
Անանուն հերոսներիս կերպարներն իրենց հատկանիշներով անչափ պատահական են. և դու,ով ընթերցող, մի փորձիր նրանց մեջ քեզ ծանոթ որևէ մեկին փնտրել, վասնզի ընդհանուր առմամբ, բոլորն էլ նույն պաղպաղակն են տարբեր ամաններում ...
Եվ հետայսու, բարեկամներ, եկեք հիշենք`ի՞նչ է իրենից ներկայացնում սոց.ցանցը , ո՞րն է դրա առաքելությունը ու վերջ տանք մեր քաղաքական տնքոցների, որովհետև այն տհաճ է ու զազրելի:
Շնորհակալ եմ անչափ և գիտեմ որ նման տխուր ավարտի չէիք սպասում: Հաճելի օր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել