Armenpress.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոստանում է մարտի 1-ի գործի վերաբերյալ ստացված նոր տեղեկություններ ներկայացնել հանրությանն այնքանով, որքանով դա չի խանգարի նախաքննությանը: Արթուր Դավթյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Այս գործի հետ կապված մեր սպասումներն ու հույսերը շատ-շատ են, և մենք առաջիկայում դրա հետ կապված տեղեկությունները պարբերաբար կներկայացնենք հանրությանն այնքանով, որքանով դա չի խանգարի նախաքննությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Դավթյանը՝ ընդգծելով, որ այս պահին այդ գործով ձեռք բերված տվյալների մասին տեղեկություն ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում:

Նա անդրադարձավ մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ հարցին: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ եթե ձեռք բերվեն որևէ մեկին հարցաքննելու վերաբերյալ հիմքեր, այդ հիմքերի հիման վրա այդ անձինք կկանչվեն հարցաքննության: Նա նաև վստահեցրեց, որ հիմքերի առկայության դեպքում ցանկացած անձի նկատմամբ կկիրառվեն հարկադրանքի անհրաժեշտ միջոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել