BlogNews.am-ն արդեն պատմել էր, որ մոսկվաբնակ երգչուհի Իջինը պատրաստվում է նոր տեսահոլովակի նկարահանումներին, որտեղ լրիվ այլ կերպարում է ներկայանալու: Երեկ տեղի ունեցավ երգչուհու «Ադրենալին» տեսահոլովակի պրեմիերան, որի մանրամասները պատմել է BlogNews.am-ին:

«Տեսահոլովակի վրա մեծ աշխատանք է տարվել, մոտ երկու ամիս նախապատրաստվել ենք: Այս  անգամ ֆորսմաժորային իրավիճակներ էլ եղան․ այն խումբը, որը պետք է նկարահաներ տեսահոլովակը, նկարահանումից երեք օր առաջ հրաժարվեց: Թևաթափ էի եղել, չգիտեի ինչ անել, քանի որ նման իրավիճակում առաջին անգամ էի հայտնվում: Փառք Աստծո, իմ ընկերներից մեկն, ով ևս հրաշալի ռեժիսոր է, ինձ օգնեց այդ բարդ իրավիճակում: Նախապատրաստվելու համար նա ուներ ընդամենը երկու օր, քանի որ մենք արդեն կորցրել էինք մեր պայմանավորվածությունները, այն վայրը, որտեղ պետք է նկարահանումն իրականացնեինք։ Նա ամեն ինչ նախապատրաստեց զրոյից, հավաքեց հրաշալի նկարահանող խումբ: Վերջնական արդյունքը շատ գոհացնող էր, քանի որ ստացվեց այնպես, ինչպես ես պատկերացնում էի և ուրախ եմ, որ աշխատեցի այդ մարդկանց հետ»,-պատմում է Իջինը:

Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Հարությունյանն է, իսկ գաղափարի և սյուժեի հեղինակը՝ Իջինը․ նա նաև խոսքերի և երաժշտության հեղինակն է: Ինչպես և իր մյուս տեսահոլովակներում, այնպես էլ այս մեկում երգչուհին ինքն է զբաղվել հագուստների դիզայնով, դիմահարդարմամբ, իսկ վարսերի հեղինակը քույրն է. «Հագուստներից մեկն էլ կարել եմ վերջին պահին՝ նկարահանումից առաջ․ մտածեցի, որ ինչ-որ մի կերպար պակասում է: Ես պարզապես ուրախ եմ, որ ամեն ինչ իսկապես լավ ստացվեց: Այլ բան է, երբ դու այն պատկերացնում ես, մեկ այլ բան, երբ այն իրականացնում ես։ Հաճախ արդյունքն այնպես չի լինում, ինչպես սպասում էիր»:

Նկարահանման ժամանակ Իջինը կրում էր շքեղ դիզայներական աքսեսուարներ, որոնց հեղինակն Ալեքսանդր Տիտկովն էր. «Երբ նրան պատմեցի իմ գաղափարները, նա շատ ոգևորվեց: Նա արեց այնպես, ինչպես պատկերացնում էի: Ուրախ եմ, որ նրա հետ ծանոթացա»:

Երգչուհու տեսահոլովակում կան բռնցքամարտի տեսարաններ։ Իջինն ասում է, որ ժամանակին զբաղվել է այդ սպորտաձևով, իսկ տեսահոլովակի նկարահանումների համար վերականգնել է մարզումները. «Այս տեսահոլովակում ցույց ենք տալիս, թե ինչպիսի արտիստ եմ և ինչպիսի մարդ եմ իրական կյանքում՝ սպորտային, ուժեղ: Տեսահոլովակը նաև տոքսիկ հարաբերությունների մասին է, երբ մարդ սիրահարված է, բայց հասկանում է, որ այդ հարաբերությունները ցավոտ են: Գիտակցականը հասկանում է, իսկ զգացմունքները թույլ չեն տալիս այդ ամենից դուրս գալ: Կարծում եմ՝ թե՛ տղաները, թե՛ աղջիկներն ինձ կհասկանան և իրենց կգտնեն այս տեսահոլովակում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել