Մայիսի 14-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, տեղի ունեցավ Աբովյանի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2006 օգոստոսի 24-ին, կառուցվել է տիար Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ: Վերջում նորակառույց եկեղեցուն Ամենայն Հայոց Կաթողիկոսը փոխանցեց Մայր Աթոռից բերված Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը: 
Մասունքակիր գեղեցկազարդ խաչով օրհնելով արարողության մասնակիցներին` Նորին Սրբությունը մաղթեց, որ Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը առ մեր Տերը օգնական լինի համայն հայ ժողովրդին, հաստատի արդար ու բարի գործերի մեջ և պարգևի շնորհը` մշտապես հավատարիմ մնալու հայրերի սուրբ հավատքին ու ավանդներին:

<<Հավատացելոց համար եկեղեցական կառույցը ճարտարապետական կոթողից առավել Աստծո տունն է, որտեղ երկնառաք օրհնությունն ու շնորհներն են բաշխվում հավատացյալներին` նրանց դարձնելով տաճար Սուրբ Հոգու: Եկեղեցին ճշմարիտ հավատն է, որ միաբանում է մեզ Աստծո Որդու ճանաչողության շնորհի մեջ, ինչպես վկայում է Սուրբ Սահակ Պարթև Կաթողիկոսը: Եկեղեցու նվիրական, սրբագործող հարկի ներքո աստվածպաշտական արարողությունները, Քրիստոսի կենսատու Ավետարանի քարոզությունը հավատացելոց հաղորդակից են դարձնում Բարձրյալին, զորացնում հավատով, կրթում ու դաստիարակում տերունական պատգամներով, ոգեշնչում քաջ ու բարի գործերի, ճշմարիտ ու արդար ընթացքի, և պարգևում հույսն ու զորությունը` վերազարթոնքի և լուսավոր գալիքի: Դարերի հոլովույթում մեր ժողովուրդն անցել է բազում նեղությունների ու տառապանքների, ջարդերի ու կոտորածների միջով, սակայն երբեք չի վհատվել և հույսով, հավատքով ու աղոթքով հաղթականորեն վեր է հառնել ամեն փորձությունից` ամենուր եկեղեցի ու դպրոց կառուցելով, կազմակերպելով ազգային-եկեղեցական իր կյանքը: Ինչպիսին էլ եղել են ժամանակները` անգամ օտարների տիրապետության ծանր լծի ներքո, փորձությունների ու նեղությունների մեջ չի սասանվել եկեղեցի կառուցելու նախանձախնդրությունը մեր ժողովրդի, քանզի թեև թշնամյաց կողմից ավերվել են մեր աղոթավայրերը, ոտնակոխ արվել մեր սրբավայրերը, սակայն միշտ կանգուն ու անսասան, անառիկ ու անկործանելի է մնացել մեր հոգու տաճարը, ուր անլռելի հնչել է փառաբանությունը Բարձրյալն Աստծո: Եկեղեցին Աստծո պարգևն է, որ Բարձրյալը շնորհում է հավատավոր ժողովրդին մարդկանց միջոցով: Նրա հիմքերը դրված են անսասան վեմի հաստատության վրա. ոչ մարդիկ կարող են այն շարժել, և ոչ հրեշտակները` սասանել,- ասում է Սուրբ Եղիշե պատմիչը: Մեր պատմության մեջ շարունակական եկեղեցաշինությունը վկայությունն է մեր ժողովրդի հոգևոր տաճարի ամրության, նրա ստեղծարար, աննկուն ոգու` հիմնված առ Քրիստոս զորեղ հավատքի վրա, որով հարատև պիտի ապրի մեր ժողովուրդը և առաջնորդվի դեպի փրկություն, որ Տիրոջից շնորհված է Եկեղեցու միջոցով>>.

Գարեգին Բ Հայրապետ (14 մայիսի 2013 թ.):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել