«Մինչ խորհրդարանում պատրաստվում են քննարկել Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու հարցը, Գրիգորյանից այս կամ այն պատճառով նեղացած գործիչները ԵԿՄ վերադառնալու քայլեր են անում: 

Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այն ան­ձինք, ովքեր ժամանակին ունեցել են ջերմ հարաբերություններ Մանվել Գրիգորյանի հետ, սակայն ճակատագրի կամ հանգամանքների բերումով բաժանվել են հաճախ ոչ իրենց կամքով փորձում են վերադառնալ իրենց իսկ կողմից մերժված ԵԿՄ: 

Մասնավորապես՝ երեկ «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները հանդիպում էին կազմակերպել ազատամարտիկների միությունների մի քանի ղեկավար­ների հետ և որոշում կայացրել ԵԿՄ-ն իրենց վերահսկողության տակ վերցնել, քանի որ ԵԿՄ ղեկավար կազմն ընդհատակ է անցել:
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, Արշալույս Փայտյանը և էլի շատերը ԵԿՄ տարածքային կառույցների անդամների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ վերջիններս պետք է դատապարտեն Գրիգորյանի արարքներն ու ինքնալուծարման գնան, որպեսզի լինի ԵԿՄ արտահերթ համագումար, նոր ղեկավար կազմ ընտրվի: Գագիկ Մելքոնյանի համոզմամբ՝ ԵԿՄ-ն նախագահ չպետք է ունենա, կոլեգիալ պետք է որոշումները կայացվեն: Ի՞նչ է մտածում այս ամենի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. այս հար­ցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց վարչապետի խոսնակ Արման Եղոյանին, որն էլ ասաց. «ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է և պետք է գործի օրենքով սահմանված կարգով այնպես, ինչպես մյուս բոլոր հասարակական կազմակերպությունները»:
Այսքանից հետո արձանագրենք մեկ կարևոր փաստ. ԵԿՄ-ն այսուհետ պետք է դադարի լինել պետության ու բանակի միակ հենարա­նը, պետք է դադարի քաղաքական գործընթացների վրա ունենալ ճնշող ազդեցություն, ինչ եղել է մինչև հիմա, պետք է դադարի լինել կիսառազմականացված կառույց, և համապատասխան խնդիրները պետք է դրվեն պետության ուսերին: Իսկ ԵԿՄ-ն մի հասարակական կազմակերպություն է, ինչպիսիք կան մեր երկրում տասնյակներով՝ տարբեր ազատամարտիկների կողմից ստեղծված: Ի դեպ, սա նոր Հայաստանի ղեկավարության հրամայականներից է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել