operativ.am-ը գրում է

Տիգրան Պետրոսյանի շախմատի տանը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շախմատի ակումբային առաջնություն: Չեմպիոն է դարձել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի խորհրդի եւ նախագահության անդամ, միջազգային գրոսմայստեր Զավեն Անդրեասյանի գլխավորած «Chessify» թիմը եւ հնարավորություն ստացել մասնակցել հոկտեմբերին Հունաստանում կայանալիք Եվրոպայի ակումբային առաջնությանը:

«Chessify» թիմի անդամներն ու Զավեն Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեցին հաղթանակի եւ մասնակից թիմերի մասին:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի խորհրդի և նախագահության անդամ, միջազգային գրոսմայստեր, «Chessify» թիմի անդամ Զավեն Անդրեասյան.

«Թիմը կազմավորվեց ընկերական ջերմ հարաբերություների հենքին: Երբ տեղեկացա, որ թիմային առաջնություն պետք է անցկացվի, զանգահարեցի ընկերներիս եւ առաջարկեցի թիմ կազմել եւ լավ թիմով մասնակցել: Ընդգրկեցինք նաեւ նոր խաղացողների, ինչպես օրինակ կանանց հավաքականի անդամ Աննա Գրիգորյանը եւ մեկնարկեցինք առաջնությունում: Առաջնայինն ինձ համար թիմում ջերմն մթնոլորտն էր եւ թիմային պայքարում խաղալու կարողությունը: Բոլոր թիմերն ունեին ներկայանալի կազմեր: Գրեթե չկար թիմ, որ չունենար գրոսմայստեր: Կարծում եմ, մեր թիմը ամենաուժեղն էր: Հաղթանակը տրվեց ոչ այդքան հեշտ, բայց սպասելի էր մեզ համար: Ունեինք 6 գրոսմայստեր թիմում, կարողանում էին մեր խաղացողներին փոխել, որը հնարավորություն էր տալիս շախմատիստներին հանգստանալ: Սա մեզ օգնեց հաղթանակի հասնել:

Միջազգային գրոսմայստեր, «Chessify» ակումբի անդամ Սամվել Տեր-Սահակյան.

«Ուժեղ կազմով էինք մասնակցում մրցաշարին: Մյուս թիմերում նույնպես կային բավական ուժեղ շախմատիստներ: Երեւանի թիմը գլխավորում էին լեգանդար շախմատիստներ: Քանի որ 8 թիմ էր, 7 խաղ, մեզ հաջողվեց բոլոր տուրերում ունենալ հաղթանակներ: Երկրորդ տեղը գրավեց Էջմիածին թիմը, 3-րդ տեղում Լեւոն Արոնյանի գրոսմայստերական դպրոցի թիմն էր՝ Արման Փաշայանի գլխավորությամբ: Լավ առաջնություն էր, մրցակցություն կար: Ուրախ եմ, որ կարողացանք հաղթել»:

«Chessify» ակումբի անդամ, 2017 թվականի Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող Հայկ Մարտիրոսյան.

«Ակումբային առաջնությունները շատ կարեւոր են յուրաքանյուր մարզաձեւի եւ մարզիկի համար, այդ թվում եւ շախմատի ու շախմատիստի համար: Օրինակ՝ Գերմանիայում ամսվա հանգստյան օրերին շախմատիստները ակումբային առաջնություններին մասնակցելու հնարավորություն ունեն: Սա օգնում է մարզիկին միշտ լինել շախմատի մեջ, միշտ լինել լավ մարզավիճակում: Կուզեի, որ Հայաստանում էլ այս մշակույթը զարգանար: Այնպես չլիներ՝ այս անգամ անցկացվեց, հաջորդը 3 տարի անց լինի, շարունակական լիներ Հայաստանում ակումբային առաջնությունները»:

Զավեն Անդրեասյանի ղեկավարած ակումբը Հայաստանում չեմպիոն հռչակվելուց հետո կնախապատրաստվի հոկտեմբերին Հունաստանում կայանալիք Եվրոպայի ակումբային առաջնությանը: Իսկ մինչ այդ ակումբի անդամները հանդես կգան Ջերմուկում կայանալիք Կարեն Ասրյանի հուշամրցաշարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել