Շնորհիվ բազմաթիվ գրքերի, ֆիլմերի ու հաղորդումների՝ բոլորիս մոտ Հին աշխարհի վերաբերյալ կարծիքներ ու պատկերացումներ են ձևավորվել: Սակայն եթե անցյալ տեղափոխվենք, միգուցե հանդիպենք այնպիսի երևույթների, որոնք աղերս չունեն մեր պատկերացումների հետ: Իսկ այն ամենը, ինչը մեզ ցուցադրում են կապույտ էկրաններից, կարող է շատ հեռու լինել ճշմարտությունից:

Աֆրիկացիները հին Մեծ Բրիտանիայում

Լոնդոնում քիչ չեն բնակիչները, որոնք տարբեր ազգերի էին պատկանում: Թվում է, թե ազգային փոքրամասնություններին Մեծ Բրիտանիայի փողոցներում տեսնել սկսել են միայն նախորդ դարում, իսկ մինչ այդ երկրում բացառապես սպիտակամորթներ էին ապրում: Սակայն դա այդպես չէ: Մեծ Բրիտանիայում սևամորթ քաղաքացիներն ապրում են արդեն առնվազն 1,800 տարի:

2010-ին ուսումնասիրողները գտան ապացույցներ, որ հռոմեական Յորքը հյուսիսաֆրիկյան ծագման մարդկանց հայրենիքն էր: Այդ բնակիչներից մեկն էլ «երկաթե ապարանջաններով լեդին» էր, ով թաղվել է մեծ քանակությամբ զարդերով, որն էլ ստիպում է մտածել, որ նա ոչ թե հասարակ ճանապարհորդ էր կամ ստրկուհի, այլ բարձր խավին էր պատկանում: Սակայն անգամ «երկաթե լեդին» է իր փայլը կորցնում հին Յորքի ամենահայտնի աֆրիկացի բնակչի կողքին: 208 թ. լիվիական ծագման հռոմեացի կայսր Սեպտիմիուս Սևերուսը բնակություն հաստատեց այնտեղ և այնտեղից կառավարեց կայսրությունը երեք տարի շարունակ՝ մինչ մահը:

Սակայն Հռոմի անկումից հետո երկրի բազմազգ պատմությունը չավարտվեց: Կան վկայություններ, որ սևամորթների փոքրիկ մի համայնք մշտական բնակություն է հաստատել Մեծ Բրիտանիայի տարածքում 12-րդ դարից սկսած: 1501 թ. Եկատերինա Արագոնացին իր խորհրդականների կազմում ուներ մահմեդականներ, հրեաներ, Հյուսիսային Աֆրիկայից եկվորներ, որոնք հաստատվել էին Բրիտանիայում: Այնպես որ, կարելի է ասել, որ բազմազգությունը երևույթ է, որն այս երկրին բնորոշ է եղել դրա պատմության սկզբից ի վեր:

Նեանդերթալացիները բավական խելացի էին

«Նեանդերթալացի» բառը շատերի համար հոմանիշ է «հիմար» բառին, քանի որ նրանք կարծում են, որ մարդիկ իրենց գոյության սկզբում հիմար են եղել: Սակայն սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Կան վկայություններ, որոնք ապացուցում են, որ մեր հնագույն նախնիներն այնքան խելացի էին, որքան մենք՝ այսօր:

2014-ին ուսումնասիրողները պարզեցին, որ նեանդերթալացիները Հյուսիսային Եվրոպայում մամոնտների ու բիզոնների որսով են զբաղվել դժվարանցանելի քարանձավերում: Այդպիսի բարդ օպերացիան պահանջում էր զարգացած ուղեղ ու կազմակերպչական ու նախաձեռնողական ունակություններ: Գտնվել են նաև ապացույցներ այն բանի, որ նեանդերթալացիների զենքերը բավականին բարդ կառուցվածք են ունեցել և պատրաստվել են ոսկրերից, քարերից ու հատուկ սոսնձից:

Հայտնաբերվել են նաև նեանդերթալյան մշակույթի հետքեր: Հնագետները գտել են զարդեր, մարմինը ներկելու համար գունանյութեր, որոնք, ամենայն հավանականությամբ, բարդ ծիսակատարությունների ժամանակ են օգտագործվել: Ջիբրալթարում անգամ գոյություն ունեն քարանձավեր, որտեղ պահպանվել են նեանդերթալյան արվեստի նմուշներ:

Հին Եգիպտոսում չկային հրեա ստրուկներ

Աստվածաշնչյան ամենահայտնի պատմություններից մեկը Ելքն է: Մի քանի դար շարունակ ստրկության մեջ գտնվելուց հետո հրեաներին վերջապես հաջողվեց փախչել եգիպտացիներից: Եվ չնայած քչերն են այսօր իսկապես հավատում այս պատմությանը, տրամաբանական է ենթադրելը, որ ինչ-որ հիմքեր այն, այնուամենայնիվ, ունի: Եթե հետ գնանք 4,000 տարով, ապա կտեսնենք շատ հրեաների, որոնք թափառում են Սինայի անապատում: Արդյոք դա ճի՞շտ է:

Հնագիտական պեղումները հակառակի մասին են խոսում: Հետազոտողները չեն հայտնաբերել ոչ մի ապացույց այն բանի, որ 600,000 հրեա ընտանիքներ երկար տարիներ անցկացրել են անապատում: Չկան անգամ ոչ մի տվյալներ այն մասին, որ ինչ-որ ժամանակաշրջանում Իսրայելում մեծ քանակությամբ ներգաղթյալներ են եղել:

Եգիպտական պետությունը պահպանում է պատմության բոլոր արձանագրությունները, այդ թվում՝ նաև արտագաղթի ու ներգաղթի վերաբերյալ: Եթե ստրուկների նման քանակություն իրապես լիներ, որը կազմում էր ընդհանուր բնակչության ավելի քան քառորդը, և նրանք նույն պահին արտագաղթ կազմակերպած լինեին, ապա այդ երևույթի մասին հիշատակումներ, ըստ էության, կլինեին ձեռագրերում․ չէ՞ որ դա կազդեր աշխատուժի, ինչպես նաև տնտեսական զարգացման վրա: Սակայն ոչ, այդպիսի արձանագրություններ չեն գտնվել:

Ի դեպ՝ Հին Եգիպտոսում ստրուկներին շատ ավելի լավ էին վերաբերվում, քան այլ հասարակություններում: Նրանցից շատերը պարտքային ստրուկներ էին, որոնք վաճառում էին իրենք իրենց՝ պարտքերը վճարելու համար, և նրանց ստրկությունը ժամանակավոր բնույթ էր կրում: Որոշ դեպքերում նրանք շատ ավելի լավ էին ապրում, քան ազատ գյուղացիները: Եվ դա չի համապատասխանում Աստվածաշնչի գրությանը, որտեղ խոսվում է Եգիպտոսի դաժան տիրանների մասին:

Սթոունհենջը հսկայական էր

Անգլիայում գտնվող հնագույն քարե շրջանը՝ Սթոունհենջը, հարյուրամյակներ շարունակ իր խորհրդավորությամբ ու վեհությամբ գրավել է այցելուներին: Այսօր այն գաղտնիքների ու միայնության խորհրդանիշ է համարվում:

Սակայն նախկինում Սթոունհենջը շրջապատված է եղել մեծ, աղմկոտ մեգապոլիսով:

2014 թ. գիտնականների խումբն այս հանելուկը լուծելու համար ամենամեծամասշտաբ հետազոտությունն անցկացրեց: 3 կմ երկարության վրա գտնվող հսկա քարերից բացի՝ հայտնաբերվեցին մատուռների, գերեզմանոցային բլուրների, այլ ծիսական սրբավայրերի հետքեր: Մնացել էին անգամ մոտակայքում գտնվող բնակավայրերի հետքեր, որտեղ, ամենայն հավանականությմաբ, մեծ քանակությամբ բնակիչներ են եղել: Այնպես որ, կարելի է եզրակացնել, որ Սթոունհենջը նախկինում մեծ բնակչություն ունեցող վայր էր, որը զարգացման մեջ էր:

Հռոմում բազմաթիվ կրոններ էին հալածվում (ոչ միայն քրիստոնեությունը)

Հռոմեացիների կողմից առաջին նահատակների մասին պատմությունը քրիստոնեության հիմնադրման միֆերից է: Նրանք, ովքեր նախընտրել են մահանալ, սակայն չեն հրաժարվել իրենց Աստծուց, օրինակներ են դարձել ապագա քրիստոնյա հավատացյալների համար: Սակայն կա պատմության մի հատված, որի մասին չի նշվում պատմության կամ եկեղեցու պատմության դասագրքերում: Այնքան, ինչքան Ներոնն էր ատում քրիստոնյաներին, նույնքան այլ կայսրեր ատում էին այլ կրոնների ներկայացուցիչներին: Մ.թ.ա. 186 թ. Սենատն օրենք ընդունեց վակհա կրոնի արգելքի վերաբերյալ, որը հիմնված էր Դիոնիսի պաշտամունքի վրա: Այնպես, ինչպես անում էին քրիստոնյաներին, նույնպես զրպարտում էին այս կրոնի ներկայացուցիչներին, դիտարկում էին նրանց որպես հերետիկոսների ու պետական դավաճանների: Նրանց պատիժների էին ենթարկում ու սպանում:

Եվ նրանք միակը չէին: Ավելի ուշ ժամանակներում ուշադրության կենտրոնում էին այլ կրոնների ներկայացուցիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել