Իրանի խնդիրը լուծելու իսրայելա-ամերիկյան ջանքերն աստիճանաբար ավելի են ակտիվանում՝ ծավալվելով միաժամանակ մի քանի ուղղություններով: Կարծես ուրվագծվում են որոշակի ժամկետներ (ենթադրաբար՝ մոտ 1,5 տարի), որոնց սահմաններում Թել Ավիվն ու Վաշինգտոնը պետք է փորձեն հանգուցալուծել իրենց տեսանկյունից մերձավորարևելյան տարածաշրջանի ամենակնճռոտ հիմնախնդիրը: 

Վերոնշյալ զույգի հակաիրանական քաղաքականության ներկա շրջափուլը կարելի է բնութագրել որպես համընդհանուր լոյալության հասնելու լրջագույն ջանքերի համադրման ժամանակահատված, որի ակնկալվող առարկայական արդյունքը պետք է լինի Իրանում իշխող վարչակարգի տապալման հարցում մի կողմից միջազգային հանրության, մյուս կողմից իրանական հասարակության, իրանական սփյուռքի առավել դրական դիրքորոշումը ստանալն է:

Իսկ նշված նպատակներին հասնելու համար հստակ գործողություններ են իրականացվում միաժամանակ և՛ դիվանագիտական, և՛ տնտեսական, և՛ քարոզչական-հոգեբանական, և՛ ռազմական-մանևրային հարթություններում: Որպես օրինակ՝ Իսրայելի վարչապետն իրականացրեց համաեվրոպական շրջագայություն, որի ընթացքում այցելած մի շարք առանցքային երկրների ղեկավարներից հիմնականում հաջողվեց ստանալ անհրաժեշտ քաղաքական ազդակներ: Աստիճանաբար ավելի ու ավելի է խստացվում հատկապես Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ հաստատված միջազգային պատժամիջոցների ռեժիմը: Հատկապես Սիրիայի տարածքում իսրայելական, նաև ամերիկյան ԶՈւ-երի կողմից պարբերաբար հարվածներ են հասցվում իրանական ռազմական հենակետերին: Քարոզչական հարթությունում Իսրայելի վարչապետը ֆեյսբուքյան տեսաուղերձով դիմեց Իրանի ազգաբնակչությանը՝ առաջարկելով ջրի պակասի խնդրի լուծման իսրայելական փորձը: Զուգահեռաբար, իսրայելական տարաբնույթ քարոզչական մեխանիզմների միջոցով փորձ է արվում իրանական հասարակությանը հասցնելու այն տնտեսական աննախադեպ խնդիրները, որոնց բախվում է այսօր Իսլամական Հանրապետությունը: Մասնավորապես, քարոզվում է իրանական ռիալի արժեզրկման հետևանքով ամերիկյան դոլարի, ոսկու, գների կրիտիկական աստիճանի հասնելու մասին, անշարժ գույքի, ավտոմեքենաների, տեխնիկայի և բազմաթիվ այլ ապրանքատեսակների կտրուկ գնաճի և մի շարք այլ խնդրահարույց հարցերի մասին:

Նաև վերոնշյալի համատեքստում կարելի է կանխատեսել, որ իսրայելա-ամերիկյան համատեղ ջանքերի ուրվագծվող նպատակն Իրանում համաժողովրդական ընդվզման իրավիճակի հասնելն է, որի արդյունքում էական հնարավորություններ կընձեռնվեն արտաքին ռազմական միջամտության միջոցով ԻԻՀ ռազմական առանցքային օբյեկտները շարքից հանելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել