ՀՀ արտաքին քաղաքական վեկտորում շրջադարձային փոփոխություններ չեն կատարվել: Այս մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ ԵԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ լրատվության ու հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարևորել է փաստաթղթի վավերացման գործընթացի ավարտը մինչև 2019 թվականի Եվրոպական խորհդարանի ընտրությունները:

Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի կողմից ազգային խորհրդարաններին հղված ծանրակշիռ և թիրախային ուղերձի կարևորությունը՝ համաձայնագրի վավերացման հետ կապված անհարկի ուշացումներից խոսափելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի այն դրույթին, որը նոր խթան է Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար:

Երկուստեք ընդգծվել է նոր մակարդակի խորհրդարանական համագործակցության ձևաչափ ունենալու կարևորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը: Խոսվել է նաև տարածաշրջանային զարգացումների մասին:

«Ժողովրդավարությունը Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևոր գործոն է»,-նշել է Արմեն Աշոտյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել