Այն տեղեկատվությունը, որ Թբիլիսիում ինչ-որ բան է կատարվում, պարզ դարձավ, երբ Տրանսանատոլիական գազատարի բացման արարողությանը թուրքական Էսկիշեհիր քաղաքում Վրաստանը ներկայացրեց միայն Թուրքիայում Վրաստանի դեսպան Իրակլի Կոպլատաձեն: Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ հրավիրել էր Գեորգի Մարգվելաշվիլուն: Բայց ո՛չ նա, ո՛չ վարչապետը, ո՛չ նույնիսկ ոլորտի նախարարը չկային: Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Սերեն Յազգանը հայտարարեց, որ դա «վերջին պահին ընդունված որոշում էր», և ինքը չգիտի` ինչու:

Հունիսի 13-ին օրվա առաջին կեսին սոցցանցերում, հետո ԶԼՄ-ներում լուրեր հայտնվեցին, որ «կառավարությունում ծրագրվում են լուրջ փոփոխություններ` ընդհուպ վարչապետի հրաժարական»: Նշվում էին նաև էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումիսիշվիլու, մշակույթի ու սպորտի նախարար Միխայիլ Գեորգաձեի, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի, ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի անունները: Փորձագետները չէին բացառում, որ հենց Գախարիան կփոխարինի Գեորգի Կվիրիկաշվիլուն: Նույն օրը՝ ժամը 15-ին, «Վրացական երազանք» իշխող կուսակցության գրասենյակում սկսվեց քաղխորհրդի նիստը: Համարյա մեկ ամիս առաջ քաղխորհրդի կազմը նորացվել էր, ավելի վաղ հայտարարվել էր, որ քաղաքականություն է վերադառնում Բիձինա Իվանիշվիլին: Իհարկե, «Վրացական երազանքի» բոլոր վերադասավորումները որոշակի պատճառներ ունեին, որ Իվանիշվիլին բարձրաձայնեց իշխող կուսակցության համագումարում մայիսի 11-ին, կապելով գերազանցապես «երկրի ողբալի տնտեսական իրավիճակի» և «դեռ թույլ հակասություններով իշխանության ներսում», թեպետ այդ հակասությունները վերածվում էին հրապարակային բանավեճերի խորհրդարանում: Բայց բոլոր բարձրաձայնված խնդիրները կարող էին կուլուարներում լուծվել: Իսկ հիմա երկիրը ցնցումների մեջ է, բողոքների ալիքը դառնում է կայուն գործընթաց: Կվիրիկաշվիլու հայտարարությունը շատերի համար անակնկալ էր:

Վարչապետն իր քայլը բացատրել է կուսակցության նախագահի հետ մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ տարբեր տեսակետներ ու դիրքորոշումներ ունենալով: Ճիշտ է, նա չի բացատրել` տարաձայնությունները իշխող կուսակցությունում վերաբերում էին արտաքի՞ն քաղաքականությանը, ՌԴ-ին ու Արևմուտքի հետ հարաբերությունների՞ն, թե՞ խոսքը միայն տնտեսական խնդիրներին է վերաբերում: Թերևս խոսքը բարդ համադրման մասին է, թեպետ չի կարելի բացառել, որ «Վրացական երազանքը» փորձում է կադրային փոփոխություններով հասարակության ուշադրությունը բողոքներից շեղել:

Կվիրիկաշվիլու հրաժարականը Բիձինա Իվանիշվիլու հետ հակասությունների հետևանք է: Այն արագությունը, որով «Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու առաջադրեց ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեին հինգշաբթի երեկոյան մեկ ժամ տևած նիստից հետո, վկայում է, որ Կվիրիկաշվիլու հրաժարականը ոչ միայն նախապատրաստվել էր, այլև թեկնածուն էր պատրաստ:

36-ամյա Մամուկա Բախտաձեն մի քանի տարի ղեկավարել է «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը, 2017-ի նոյեմբերին նշանակվել էր ֆինանսների նախարար:

Վրաստանի քաղաքական շրջանակներում վստահ են, որ Իվանիշվիլին նորից խուսափեց պատասխանատվությունից` գերադասելով վարչապետ նշանակել իրենից լիակատար կախվածության մեջ գտնվող մեկին: Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Իվանիշվիլուն առաջարկել էր վարչապետի թեկնածու:

Վերջում հարկ է ընդգծել, որ մինչև խորհրդարանական ընտրությունները դեռևս երկու ժամանակ կա, և Իվանիշվիլին չի ցանկանում հիմա ստանձնել կառավարության պատասխանատվությունը, նա գերադասում է ստվերից կառավարել երկիրը և ընտրություններից կես տարի առաջ կստանձնի վարչապետի պաշտոնը: Հուսանք, որ վարչապետի փոփոխությունը չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել