Եթե ուշադիր հետևենք Հայաստանի սահմաններրի անմիջական հարևանությամբ ընթացող վերջին զարգացումների ողջ համաբույլին, ապա ակնհայտ է, որ այժմ, «մոդայիկ» եզրույթով ասած, իրավիճակ է փոխվում․ Վրաստանում՝ ներքաղաքական ճգնաժամ, Թուրքիայում՝ բռնություններով ուղեկցվող նախընտրական շրջան, Նախիջևանում և «մայրցամաքային» Ադրբեջանում՝ զորքերի տեղաշարժեր և վերադասավորություններ, Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրում և այլն։

Պատմական հանգամանքների և ճակատագրի բերումով Հայաստանն, ըստ էության, մշտապես գտնվում է աշխարհագրական և անվտանգային մի այնպիսի միջավայրում, որը պահանջում է ներհայկական խնդիրների հնարավորին արագ կարգավորում և մեր պետական ու հասարակական ողջ ներուժի համախմբմամբ հստակ արձագանք մեզ համար նույնիսկ չնչին վտանգ ներկայացնող բոլոր արտաքին մարտահրավերներին։

Թեև առայժմ վախճանաբանական որևէ իրավիճակ չկա, բայց այսուհանդերձ «հեղափոխություն-հակահեղափոխություն» ձգձգվող և արդեն իսկ մանկամտության մակարդակի ձգտող բոլոր խաղերն ավարտելու և մեր պետականության ամրապնդման հերթական փուլին անցնելու համար ժամանակի յուրաքանչյուր կորուստ աններելի շռայլություն է, որն իրեն կարող է թույլ տալ, դիցուք, ապահով Եվրոպայում գտնվող որևէ Բելգիա, բայց ոչ երբեք Մերձավոր Արևելքի և Կովկասյան լեռների միջև սեղմված «բարբարոս» միջավայրում բնակվող, պատմահոր խոսքերով՝ «հյուսիսային ազգերի մեջ վեհագույնը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել