Թուրքիայի իշխող վարչակարգի կողմից Իսրայելի հետ հարաբերություններում լարվածության բեմականացումը լավագույնս բնութագրել է այդ երկրի նախագահի ընտրություններում ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունից ներկայացված նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն: Դիմելով Էրդողանին՝ նա մեղադրել է Թուրքիայի իշխանություններին Իսրայելի հետ «գաղտնի գործարքների», չընդհատված, շարունակվող տնտեսական հարաբերությունների, թուրքական հասարակությանը ստելու հարցերում:

Ըստ ընդդիմադիր թեկնածուի՝ չնայած կոշտ, բայց կեղծ հակաիսրայելական քարոզչությանը՝ Թուրքիայում իշխող կուսակցության ներկայացուցիչները շարունակում են տնտեսական գործունեություն ծավալել Իսրայելում, Անկարան շարունակում է վաճառել նավթ և գնել սերմացու Թել Ավիվից, դպրոցներում տարածվել են իսրայելական ապրանքները չբոյկոտելու ցուցումներ, շարունակում են մուտքի վիզա պահանջել պաղեստինցիներից, իսկ իսրայելցիների համար ապահովել առանց վիզայի ռեժիմ:

Վերոնշյալի համատեքստում կարելի է փաստել, որ, եթե անգամ չկան կուլիսային շփումներ Թուրքիայի և Իսրայելի բարձրագույն ղեկավար շրջանակների միջև, առնվազն Անկարայից գնացող առարկայական ազդակները, հատկապես տնտեսական, ռազմավարական հարաբերությունների պահպանման մասով, լավագույնս ընկալվում են Իսրայելում: Դե, թուրք գործընկերներին ոչ միայն հասկանալ, այլև աջակցել է պետք բարդագույն նախընտրական շրջանում: Կանցնի հունիսի 24-ը, ընտրությունները, աստիճանաբար կփոխվի նաև Էրդողանի հռետորաբանությունը: Հետևաբար, կտրուկ հակաքայլերի գնալ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին բարձրացնելը որևէ իմաստ այլևս չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել