Հայաստանի կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի փաթեթ է ներկայացնել, որով առաջարկվում են ոլորտը կանոնակարգող մի շարք կարևոր փոփոխություններ: ՀՀ կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստի օրակարգում է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթին հավանություն տալու հարցը, որով առաջարկվում է կարգավորել 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի գործունեությունը արտոնագրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղափոխելու հետ կապված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին:

Նախագծով առաջարկվում է վերականգնել հանրային սննդի կազմակերպման ոլորտում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման դեպքերում կիրառվող տարբերակված պատասխանատվության միջոցները՝ հաշվի առնելով այն, որ 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հարկային պարտավորությունները հաշվարկվելու են իրացման շրջանառության հիման վրա:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ևս մեկ կարևոր փոփոխություն: Հաշվի առնելով այն, որ Հարկային օրենսգրքի ընդունմամբ էականորեն բարձրացել է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկի գծով բեռը՝ նախագծով առաջարկվում է այն նվազեցնել: Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի մեծությունը կախվածության մեջ դնել ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, այլ նաև ավտոմեքենայի արտադրության տարեթվից՝ նոր ավտոմեքենաների համար սահմանելով բնապահպանական հարկի ավելի ցածր դրույքաչափեր:

Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից վերացնել արտահանման ծրագրերի մասով շահութահարկի նվազեցված դրույքաչափերի կիրառության արտոնությունը (40 մլրդ դրամ արտահանման ծավալի դեպքում՝ 5 տոկոս, 50 մլրդ դրամ արտահանման ծավալի դեպքում՝ 2 տոկոս, ինչպես նաև արտերկրում շինարարական աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների հարկում 13 տոկոս դրույքաչափով) արտոնությունը, քանի որ այս համակարգն ասոցացվում է օֆշորային գոտու հատկանիշների հետ: Միաժամանակ, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի հարկ վճարողները կարողանան դեռևս մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը միանալ այս արտոնյալ համակարգին, որի պարագայում արտոնությունը կշարունակի գործել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:

Առաջարկվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողներին ազատել ճանապարհային հարկից, եթե նշյալ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Խնդիրը կայանում է նրանում, որ ճանապարհային հարկի վճարումից խուսափելու համար իրանական բեռնատարները չեն մտնում Հայաստանի Հանրապետության տարածք, ինչի արդյունքում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները (բեռնում, բեռնաթափում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում և այլն) մատուցվում են իրանական կողմի տարածքում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել