Մոսկովյան 23 հասցեում բացվեց Davidova Dress երեկոյան զգեստների վարձույթի սրահը, որի առաջին մասնաճյուղը բացվել է Մոսկվայում: Խանութում ներկայացված են երեկոյան զգեստների չկրկնվող մոդելներ, որոնք ընտրված են նորաձևության վերջին միտումներին համապատասխան:  Շատ աղջիկներ, մեկ անգամ երեկույթին կրելով զգեստը, պարզապես կախում են իրենց զգեստապահարանում, և այն, ինչ խոսք, ավելորդ տեղ է զբաղեցնում. ինչպես հիմնադիր տնօրեն Արփինեն է նշում, իրենք փորձել են ավելի թեթևացնել աղջիկների հոգսը: 

«Այս ձևաչափը հետաքրքիր է, հարմար և կարևորը՝ տնտեսող: Ավելին՝ աղջիկների զգեստապահարանում ավելի ազատ տեղ կլինի, քանի որ նրանք ստիպված չեն լինի գնել զգեստներ, քանի դեռ կանք մենք: Մեզ հետ հագուստները բերել ենք Մոսկվայից, որոշ նմուշներ ներկայացված են նաև այնտեղ: Ասեմ, որ շատ աղջիկների շրջանում շատ պահանջված է մեր այցեքարտ դարձած սև-սպիտակ զգեստը՝ կրծքավանդակի հատվածում նուրբ փոռերով: Խանութում ունենք նաև վաճառք, և կան զգեստներ, որոնք կարելի է ձեռք բերել նաև պատվերով»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Արփինեն։

Արփինեն նշում է, որ ամեն բան ինքն է անում, հոգի է դնում իր աշխատանքի մեջ և յուրաքանչյուր մանրուքի ուշադրություն է դարձնում: Ասում է՝ շատ կարևոր է, որ աղջիկները միշտ գոհ և երջանիկ դուրս գան խանութից:

«Ես ինձ դիզայներ չեմ համարում, ես պարզապես ցանկանում եմ օգնել աղջիկներին, որ նրանք երեկույթներին միշտ հրաշալի տեսք ունենան: Davidova Dress-ում հավաքված են տարբեր բրենդների հագուստներ։ Ստուդիայի համար հագուստ ընտրելիս հաշվի ենք առնում էլեգանտությունը և նրբագեղությունը»:  

Արփինեն ապրում է Մոսկվայում, այդ իսկ պատճառով առաջին խանութը բացվել է Մոսկվայում․ «Այնտեղ ավարտել եմ դպրոցը, ընդունվել համալսարան՝ ավարտելով լրագրության ֆակուլտետը: Հետո սկսեցի աշխատել տարբեր հրատարակչություններում՝ նորաձևության բաժնի խմբագիր և լուսաբանում էի միջոցառումներ: Բայց մեկ տարի առաջ որոշեցի բացել երեկոյան զգեստների վարձույթի ստուդիա և ամբողջությամբ տրվեցի այս աշխատանքին»: 

Այն հարցին՝ ինչո՞ւ են խանութում միայն երեկոյան զգեստներ ներկայացված, և հնարավո՞ր են արդյոք փոփոխություններ, ասում է. «Ես հիանում եմ 20-րդ դարի հոլիվուդյան դերասանուհիների ոճով: Նրանց հագուստը, նրանց էթիկետը և իրենց ճիշտ մատուցելու ունակությունը պարզապես հրաշալի է: Ժամանակին ես կարող էի ժամերով նայել ռետրո ոճի լուսանկարներ. այդ կանայց ճաշակը պարզապես զարմացնող էր: Ցանկանում եմ, որ մեր օրերի աղջիկները չմոռանան իրենց կանացիության մասին՝ չնայած այն փաստին, որ մենք պետք է ուժեղ լինենք, բայց հագուստի մեջ պետք է մեզ իրական լեդի զգանք: Բացեմ ձեզ մի գաղտնիք․ սա մեր վերջին նախագիծը չէ Երևանում: Շուտով ձեզ սպասում է ևս մեկ անակնկալ»:

Երևանում խանութ բացելու ցանկություն առաջացել է բազմաթիվ հայ աղջիկների նամակների շնորհիվ. «Մեզ շատ աղջիկներ էին գրում տարբեր քաղաքներից և երկրներից: Բայց ես չէի կարող անտեսել իմ երկիրը և այն քաղաքը, որտեղ ծնվել եմ: Երևանի աղջիկները շատ էին սպասում մեզ, և ես շնորհակալ եմ յուրաքանչյուրին աջակցության համար․ դա ինձ ստիպում է առաջ գնալ:  Հայ դիզայներների աշխատանքներին չեմ հետևում, ապավինում եմ միայն սեփական ճաշակին: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն անում իր աշխատանքը և ստեղծում իր արվեստը: Մրցակցությանն էլ չեմ հավատում, ավելին, եթե հավանեմ հայ դիզայներներից մեկի հագուստը, մենք դեմ չենք այն գնել և վարձակալության դնել մեր ստուդիայում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Johny Core-ի և Արտյոմ Վանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել