Խոսքը վերստին վերջին օրերի նախաձեռնության մասին է։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված հիմնազուրկ մեղադրանքների շարքում ինձ էլ հիշեցին՝ հրապարակավ մեղադրանք հնչեցնելով և անձնական վիրավորանք հասցնելով։

Երեկվա հավաքին Գէորգ Եազըճեանը խանդավառ սրտով եպիսկոպոսաց ժողովի հայտարարության առիթով հայտարարեց, որ «Մայր Աթոռի Տեղեկատվական բաժանմունքը Մայր Աթոռի տեղեկատվական կայքում կատարել է մի խորամանկություն, Տեր Վահրամ քահանա Մելիքյանի մի մանկական, մի մանկամտական խորամանկություն՝ տեղադրելով մի լուսանկար, երբ երկու Աթոռների միացյալ եպիսկոպոսական ժողովն է գումարված և այնտեղ երևում է Սերժիկ Սարգսյանը, ցույց է տալիս, թե բոլոր եպիսկոպոսները դեմ են այս մեր շարժմանը»։ Պարոն Եազըճեա՛ն, քանի որ երեկ անպատասխան թողեցիք իմ բոլոր հեռախոսազանգերը, ապա իսպառ անջատեցիք Ձեր հեռախոսը, այսօր էլ հարկ չնկատեցիք հեռաձայնելու, դիմում եմ Ձեզ համացանցով։

Ցույց տվեք փաստն ու ապացույցը, որ իմ կողմից գլխավորած Տեղեկատվական համակարգի պատասխանատվության տակ գտնվող պաշտոնական կայքէջում կամ սոցցանցային էջերում հիշյալ հայտարարության տակ նման նկար է տեղադրված, թեպետ դա էլ Ձեզ, որ իմ ձեռքից Սուրբ Հաղորդություն եք ստացել և քաջ ճանաչում եք, իրավունք չի տալիս անձնապես վիրավորելու ինձ։

Այլապես Դուք պարտավոր եք հրապարակավ ներողություն խնդրել և խոստովանել Ձեր սխալ պահվածքը, որը այս օրերին, ցավոք, հատուկ է ոչ միայն Ձեզ։ Սա նախաձեռնության դիմագիծն է։ Ես պահանջում եմ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել