Նռան հատիկ սերիալի դերասաններ Ռոզա Ֆիլբերգը և Մովսես Երեմյանը համատեղ դուետով կներկայանան: Երգը կոչվում է Նռան հատիկ, որի գաղափարի և խոսքերի հեղինակը պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն է, իսկ կոմպոզիտոր Արման Պարսամյանը: Մովսեսը և Ռոզան արդեն ձայնագրվել են, շուտով արդեն կանցնեն տեսահոլովակի նկարահանմանը: BlogNews.am-ի հետ զրույցում Դիանան բացառիկ մանրամասներ է պատմել:

«Բավականին գեղեցիկ երգ է, որտեղ կա լույս և կարևորը վերջում՝ հույս: Սկզբում հերոսուհին ընկնում է հուսահատության գիրկը, բայց տղան նոր կյանք է փորձում նվիրել աղջկան՝ հորդորելով ապրել: Այս կյանքում յուրաքանչյուրս ուժեղանում ենք ընկնելուց հետո ու նորովի ենք գնահատում կյանքը: Այս երգում այս ամենի մասին է՝ սկզբում հուսահատությունն է, հետո գալիս է այդ լույսը, որից հետո միասին փորձում են հաղթանակած դուրս գալ և վայելել կյանքն իր բոլոր գույներով»,-պատմում է Դիանան:

Ի դեպ՝ Մովսես Երեմյանն առաջին անգամ է ներկայանում որպես երգիչ. «Հետաքրքիրն այն է, որ նմանատիպ դուետները շատ ընդունված են: Պետք է ասեմ, որ Մովսեսը ունի նաև երաժշտական կրթություն, սովորել է ԵԹԿՊ  ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի ֆակուլտետում: Նա կատեգորիկ հեռու է երաժշտությունից և նրանց միասին դուետն ավելի շատ կդպիչի մարդկանց, քանի որ տեսահոլովակի հերոսները հենց իրենք են»:

Դիանան նշում է, որ այս դուետում կարևոր է գնահատել՝ կարողացավ արդյոք Մովսեսը համոզել աղջկան, ասելով՝ եղիր ինձ հետ և մենք կյանքը միասին կփոխենք. «Այս պարագայում Մովսեսի մոտ մենք պետք է գնահատենք ոչ թե նրա ձայնային տվյալները, այլ նրա անկեղծությունը, անմիջականությունը և այն ամենը ինչ խոստանում է դերասանուհուն: Քանի որ Մովսեսը երգիչ չէ»,-նշում է Դիանան:

Քանի որ սերիալի սաունդթրեքը սիրվեց հեռուստադիտողների կողմից, Դիանան կոմպոզիտոր Արման Պարսամյանին խնդրեց, որ այն վերածի երգի: «Իհարկե բարդ գործ է, քանի որ, թե խոսքերի և թե կոմպոզիտորի համար պատասխանատվությունը մեծ է: Շատերն էին ինձ ասում, որ շատ են սիրում Նռան հատիկի երաժշտությունը, շատերն էլ ցանկանում էին իմանալ, թե ով է հեղինակը»:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել