Զարմացրին արդեն, թաղային խուժանը, թաղային խուժանը.....: Մեր մտավորականությունը կամ միջին դասը, չգիտեմ ինչ անունով է ավելի ճիշտ կոչել այն շերտը, որը պետք է որ խորքային փոփոխությունների ձեւակերպող ու պահանջատերը լիներ, արհեստականորեն դարձնում է թաղի տղերքին քաղաքական գործոն: Դրանով նա դառնում է ոչ թե խորքային, այլ կոսմետիկ փոփոխությունների պահանջատեր ու ձեւակերպող: Ինձ ավելի հետաքրքիր է, թե ինչու մեր այսպես ասած առաջադեմ հասարակությունն այդքան հանդուրժող կամ այդքան չնկատող խմբագիրների, լրագրողների, «սկզբունքային» գործիչների, իրավապաշտպանների նկատմամբ, որոնք մի ձեռքով համագործակցում են իշխանության հետ, իսկ երբեմն էլ ուղիղ ֆինանսավորում ստանում դրանից, մյուս «ձեռքով» էլ կոկորդիլոսյան արցունքներ թափում «թաղային խուժանը» թեմայով: Ոչ մի երկրում երբեք թաղային խուժանը վճռորոշ գործոն չի եղել ու չի լինելու: Միշտ վճռորոշ են միջին եւ բարձր խավերի դիրքորոշումները, իսկ մնացածները միայն կատարողներ են: Եթե մեր միջին շերտը շարունակի նույն անհոգությամբ, նույն կաշառվածությամբ, նույն «քնարականությամբ» վերաբերվել իրավիճակին, ապա քաղաքական մենաշնորհի հաստատումը Հայաստանում կարող է վերջնական դառնալ: Օրինակ ստալինյան կամ ալիեւյան համակարգերում «խուժանը» ոչ մի դեր էլ չի կատարում՝ այնտեղ արտաքուստ շատ ավելի կարգ ու կանոն կա, քան մեզանում: Եթե մեր քննադատությունը «խուժանի» մակարդակից այն կողմ չանցնի, եւ մեր պահանջները «խուժանին» պատժելու պահանջից այն կողմ չանցնեն, ապա մենք կունենանք ալիեւյան տիպի կարգ ու կանոն: Ստացվում է այնպես, որ որքան մտավորականությունը թույլ է «խուժանից» կոնկրետ թաղերում, այնքան էլ նա, ուժեղ լինելով նույն շերտից հրապարակային դաշտում, պարզապես մանր շերտային մուռ է հանում, որը երկրի իրական ուղենշային զարգացման հեռանկարների տեսակետից երրորդական-չորրորդական հարց է: Նույնն, ի դեպ, վերաբերում է «ծախված տատիկներին ու պապիկներն», առհասարակ՝ «ծախված ժողովրդին»: Բոլորն են իրենց մուռը հանում դրանցից: Բայց ինչո՞ւ նույն դատապարտող պաթոսը չեմ նկատում շատ ավելի մեծ, անչափ ավելի մեծ գումարներով՝ բիրիքով ու հատով վաճառվող «առաջադեմ» խավի ներկայացուցիչների նկատմամբ: Մի՞թե որովհետեւ դրանից շատերը մեր ծանոթ-ընկերներ-բարեկամներն են, եւ զայլա չենք դնում նրանց «վատություն» անելու: Այնպես որ, ոչ թե թաղի խուժանը կամ 5000-անոց տատին է խնդիրը, այլ միջին շերտի կոռումպացվածության (ծախվածության եւ փչացման) արագացող տեմպերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել