ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին այցելել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ` ընկերության գործունեությանը և կաթի մթերման ընթացքին ծանոթանալու նպատակով:

Ընկերության գործարանը կառուցվել և շահագործման է հանձնվել 2009 թվականին, արտադրամասերը հագեցած են նորագույն իտալական սարքավորումներում, որոնք թույլ են տալիս թողարկել կայուն որակով արտադրանք և ամռան ամիսներին վերամշակել օրական ավելի քան 70 տոննա կաթ: Ներկայումս ընկերությունում արտադրվում են թթու կաթնամթերքներ, պանիր, չոր կաթ, կարագ և պաղպաղակ:

Նախարարը շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել արտադրական հզորություններին, արտադրամասերի սանիտարահիգիենիկ պայմաններին: Գործարանի աշխատակիցների հետ զրույցի ընթացքում նախարարն անդրադարձ է կատարել կաթի մթերման ընթացքին, ժամանակակից սարքավորումներով գործարանի վերազինմանը:

Ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Վարդանյանը տեղեկացրել է, որ տարբեր տարիներին չոր կաթի արտադրության ծավալները տատանվել են 214-313 տոննայի սահմաններում: Ընդհանուր առմամբ, նրա խոսքով` ընկերության արտահանման ծավալները վերջին շրջանում ավելացել են, իսկ տեսականին` ընդլայնվել:  Այս տարի մինչև օրս արտադրվել է 44 տոննա չոր կաթ: «Մարիաննա» ընկերությունում այս պահին կաթը մթերում են 1 լիտրի դիմաց 150 դրամով։

Նա նաև հավելել է, որ ընկերությունը առաջիկայում նախատեսում է ներդրումներ իրականացնել Արագածոտնի մարզում անասնապահության ոլորտի զարգացման ուղղությամբ:

Ընդգծելով, որ կաթնամթերքի արտադրության և վերամշակման ոլորտը գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ուշադրության կենտրոնում` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ կաթի արտադրության և մթերման գործընթացին հետևելու նպատակով արոտային շրջանի ողջ ընթացքում նախատեսում է այցելել կաթ արտադրող և վերամշակող կազմակերպություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել