Տարիներ առաջ բալետով հրապուրված 15-ամյա Դեմի Ռոլինգը որոշեց, որ պետք է դիետա պահի, որպեսզի ունենա իր երազած կազմվածքը։ 177 սմ հասակ ունեցող ավստրալացի աղջկան շատ կարճ ժամանակում հաջողվեց քաշ կորցնել, սակայն ունենալ երազած կազմվածքը չհաջողվեց։

19 տարեկանում, չնայած իր հասակին, նա կշռում էր ընդամենը 43 կգ։ «Տարվել էի բալետով։ Անգամ այդքան նիհարելուց հետո շարունակում էի հաճախել բալետի, սակայն չէի կարողանում նախկինի պես վարժություններ անել։ Անգամ մեկ-երկու րոպե պարելուց հետո շունչս կտրվում էր, կարծես ինչ-որ մի բան ճնշեր, վերևից սեղմեր ինձ»,- պատմել է Դեմին։

Երբ նրա ընկերուհիները հետաքրքրվում էին՝ ինչու է այդքան նիհարել, նա պատճառաբանում էր, թե վերջին շրջանում մրսածության արդյունքում է քաշ կորցրել։ Երեք տարի շարունակ գաղտնի կերպով անորեքսիայի դեմ պայքարելուց հետո Դեմի Ռոլինգը որոշեց դուրս գալ բալետի խմբից։

«Դեռ 15 տարեկանում նկատեցի, որ բալետի պարուհիների մեծ մասը նիհար է։ Այդ պատճառով էլ որոշեցի նիհարել։ Բարեբախտաբար, երբ հասկացա, որ հենց բալետն է իմ անորեքսիայի և ուտելու հետ կապված խնդիրների պատճառը, դեռ շատ ուշ չէր»։

Իր մոր և ուսուցչուհիներից մեկի աջակցությամբ նա կարողացավ ազատվել այդ չարիքից և վերադառնալ նորմալ կյանքի։ «Անչափ շնորհակալ եմ ինձ որևէ կերպ աջակցություն ցուցաբերած մարդկանց։ Առանց ձեզ ես հիմա սարսափելի վիճակում կլինեի կամ միգուցե այլևս չէի լինի»,- ավելացրել է Դեմին։

Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում՝ ցույց տալու, որ անորեքսիան բուժվում է և երբեք, ոչ մի դեպքում չի կարելի հանձնվել։ Նրա այժմյան լուսանկարներին նայելիս դժվար է հավատալը, որ դա այն նույն աղջիկն է, ով տառապում էր թերքաշությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել