Նախիջևանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է բուռն արձագանք ստանալ հայկական օնլայն լրատվամիջոցներում և սոցցանցերում։ Հանրապետության ռազմական ղեկավարության հասցեին մեղադրանքներ են հնչում` սահմանի որոշակի հատվածներում դիրքերը հանձնելու վերաբերյալ տեղեկության հետ կապված։ Խոսքը, մասնավորապես, այն դիրքերի մասին է, որտեղից իբրև թե ադրբեջանցիները կարող են կրակել Վայոց ձորի մարզի Արենի գյուղի ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն ունի դիտարկումներ անցկացնելու․ որոշակի առումով առավելություններ ունի հայկական ԶՈւ–ն, որոշակի առումով առավել շահավետ դիրք են զբաղեցնում ադրբեջանական ուժերը։

Հարկ է նշել նաև, որ ժամանակ առ ժամանակ կողմերը փորձեր են անում առաջ տանելու սեփական դիրքերը։ Դա մշտական գործընթաց է, կողմերը փորձում են առավելություն ստանալ հակառակորդի նկատմամբ։ Այդ գործընթացին միայն կրակոցներով է կարելի խանգարել, սակայն դա հրադադարի ռեժիմի խախտում է համարվելու։

Այս ենթատեքստում կարևոր է փաստել մի բան, որ դիրքերի մոտեցման հանգամանքն ավելացնում է կողմերի միջև բախման ռիսկը, որը, ինչ խոսք, կարող է հանգեցնել տարբեր մակարդակների հնարավոր էսկալացիաների:

Նախիջևանի կարգավիճակը սահմանվում է 1921 թվականի Կարսի պայմանագրով։ Այն ստորագրել են նաև Ռուսաստանն ու Թուրքիան, հետևաբար, ինքնավար հանրապետության կարգավիճակի ցանկացած փոփոխություն կհանգեցնի Ռուսաստանի և Թուրքիայի միջամտության։

Արձանագրեք մի բավականին ուշագրավ դետալ. Նիկոլ Փաշինյանն իր պատգամավորական գործողության ընթացքում 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական զինուժի կողմից մի քանի հենակետերի կորստի փաստը դարձրել էր դրոշակ և պարբերաբար շեփորահարում էր: «2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ԼՂՀ-ն, պաշտոնական տվյալներով, 800 հեկտար տարածք կորցրեց, Սերժ Սարգսյանն արդեն 8 տարի Հայաստանի Զինված ուժերի դե ֆակտո գերագույն գլխավոր հրամանատարն էր, դրանից առաջ 7 տարի՝ 2000-ից 2007 թվականներին, եղել էր պաշտպանության նախարար: Վերջերս, ի դեպ, հաճախ է քննարկվում հարցը՝ Սերժ Սարգսյանը հող հանձնո՞ղ է, թե՞ ոչ: Կներեք, բայց հող հանձնելը պոզով-պոչո՞վ է լինում: Եթե երկար տարիներ առաջնագծի կենսական պահանջները ոչ միայն չեն լուծվում, այլեւ բացահայտորեն արհամարհվում են, դա հանուն ինչի՞ է արվում, եթե ոչ հող հանձնելու»,- մի առիթով հայտարարել էր դեռ պատգամավոր Փաշինյանը:

Հիմա, որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար, Փաշինյանն ընդհանրապես չի անդրադառնում նախիջևանյան տարածքային փոփոխությունների հարցին, ավելին` Թբիլիսիում մասնակցում է տոնակատարությունների և իր ոչ մի ելույթում չխոսեց ադրբեջանական զինուժի տեղաշարժին:

Հ.գ. Նախիջևանի սահմանում մասնավորապես 1992 թ. մայիսից լուրջ կռիվներ չեն եղել, քանի որ այն ժամանակ Նախիջևանի առաջնորդ Հեյդար Ալիևը համաձայնեց առանձին զինադադար հաստատել ՀՀ կառավարության հետ: Սյունիքի սահմանի մյուս կողմում Ադրբեջանի կողմից լուրջ ռմբակոծություն և մարտական գործողություններ էին տեղի ունենում, մասնավորապես` Կապանի ուղղությամբ, մինչև 1993թ., երբ հայկական կողմը գրավեց հարակից ադրբեջանական շրջանները: 1994-ից ի վեր մի կողմից կար Սյունիքի արևելյան կողմի ապառազմականացում, մյուս կողմից` նախիջևանյան սահմանի ռազմականացումը: Մինչ օրս Նախիջևանը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական սահմանագծի ամենախաղաղ հատվածը՝ մի կողմից պայմանավորված սահմանի մեծ մասում լեռնային տարածքի առկայությամբ, մյուս կողմից՝ նաև Ադրբեջանի ղեկավարության՝ այնտեղ լարվածությունը չմեծացնելու քաղաքական որոշմամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել