Դերասան Գնել Ուլիխանյանի ու Աննա Դալաքյանի գեղեցիկ ընտանիքն արդեն երկու տարեկան է: Ժամանակը նրանց սերն էլ ավելի է ամրապնդել՝ զույգին նվիրելով դստերը՝ փոքրիկ Մալվինային: Ընտանիքի կարևորության, կարևոր բանաձևերի, դժվարությունները հաղթահարելու տարբերակների, ժամանցի կազմակերպման մասին զույգը պատմել է BlogNews.am-ին:  Ի դեպ՝ փոքրիկ Մալվինայի առաջին պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանումը ևս Գնելն ու Աննան վստահել են մեզ:

 

Մեր սիրո պատմությունը սկսվել է իմ հարազատ թատրոնից՝ Սունդուկյանից

Գնել

Աննայի հետ մեր ծանոթությունը եղել է մայր թատրոնում: Ընդհանուր ընկեր ունեինք, բայց միմյանց չէինք ճանաչում: Ինչ-որ առիթի հանդիպեցինք, ու քանի որ երկուսս էլ տպավորված էինք, որոշեցի իրենց ընտանիքին հրավիրել իմ ներկայացումներից մեկը դիտելու: Հրավիրատոմս ուղարկեցի ընկերոջս միջոցով, ու նրանք սիրով համաձայնեցին: Ներկայացումից հետո արդեն քննարկում, վերլուծում էինք ընթացքը, ու Աննային հետաքրքրեցին թատրոնի ներքին կյանքն ու բեմը, այդ ուժը իրեն էլ ձգեց: Ես նրան  ծանոթացրի մայր թատրոնի հետ, այն աուրան ու խորհրդավոր լռությունը, որ կար, կլանեցին երկուսիս էլ… Առաջին շփումը եղավ այդպիսին, հետո հասկացա, որ ներքին թելեր կան, որ ձգում են դեպի Աննան, ու առանց նրա շնչելն անհնար դարձավ: Եթե  ուրիշ ոչ մի բան չտա ինձ մայր թատրոնը, արդեն տվել է ամենակարևոր բանը իմ կյանքում՝ Աննային:

IMG_7935 copyIMG_7731 copy

Սիրո արտահայտման մեր եղանակները

Գնել

Սիրո արտահայտման իմ եղանակները տարբեր են: Այնպես չէ, որ ամեն օր գլխապատառ, մի ծաղիկը չթոռոմած, մյուսն եմ նվիրում, բայց  չեմ սպասում հատուկ առիթի ծաղիկ նվիրելու համար: Հնարավոր է՝ խանութ մտնեմ, գեղեցիկ գարնանային յասամաններ տեսնեմ ու երեկոյան տուն գնամ դրանք ձեռքիս: Կյանքի ցանկացած էտապ իր գեղեցկությունն ու հետաքրքրություններն ունի: Հիմա արդեն 16 տարեկանի նման դուռը չեմ թակի, ծաղիկներ դնեմ շեմին ու փախչեմ, բայց այս շրջափուլում էլ ուրիշ տեսակի ռոմանտիկա եմ ցուցաբերում: Ես հիմա երկու աղջիկ ունեմ ու նրանց համար պիտի ռոմանտիկ լինեմ: Ծաղիկ նվիրելն այն ժամանակ ուրիշ կերպ  էր արտահայտվում, հիմա՝ ուրիշ,  մոտեցումն էլ է փոխվել, արդեն ընտանեկան է և ոչ թե երիտասարդական: Ու որ ամենակարևորն է, պատեհ-անպատեհ առիթի ասում եմ Աննային, որ շնորհակալ եմ իրեն իր ներկայությամբ իմ կյանքը փոխելու ու էլ ավելի գեղեցկացնելու համար:

Աննա

Անկեղծ ասած՝ ես տեսակով այնպիսին եմ, որ իմ զգացմունքների մասին բացահայտ ցույց կտամ. եթե սիրում եմ, կասեմ այդ մասին: Դա առօրյայում կարտահայտվի նրանով, ինչ ես կանեմ՝ ուշադրություն, հոգատարություն և այլն: Եթե չկա սեր, կարելի է ամեն ինչից անվերջ բողոքել, ինչպես անում են շատ-շատերը: Պետք է սիրել, ամեն ինչ անել սիրելով ու գտնել ամենատարբեր միջոցներն այդ սերն արտահայտելու համար:

IMG_7796 copyIMG_7783 copyԸնտանքի կարևորության ու հարաբերությունների ամրության մեր պատկերացումները

Գնել

Մեր ընտանիքի ու հարաբերությունների ամրության հիմքում փոխադարձ հարգանքն ու սերն է միանշանակ, փոխըմբռնումը մեկս մյուսի նկատմամբ: Մենք երկուսս էլ մեր տեսակով հանգիստ ենք ու սիրում ենք, երբ միջավայրն էլ է այդպիսին լինում: Այդ ամեն ինչն էլ համեմում ես սիրով, ու ստացվում է կատարյալ ընտանիք:  Մարդը, ում հետ կենցաղ ես կիսում, եթե քեզ նման չլինի, ապա միասին ապրելը դաժան կլինի:) Մեզ մոտ ամեն ինչ կանոնակարգված է՝ սկսած կենցաղից, հարդարումից, հագուստից և այլն, և այլն, բայց, այդուհանդերձ, աշխատում ենք թեթև նայել կյանքին, կենցաղային մանր հարցերի վրա էներգիա չծախսել, որ գեղեցիկ անցնի մեր կյանքը:

Աննա

Գնելն այնքան լավ բացատրեց օրինակելի ընտանիքի կոնցեպտը, որ ես դժվարանում եմ ինչ-որ բան ավելացնել: Միայն կասեմ, որ հարաբերությունների ամրությանը նպաստում է նաև այն, որ մենք միանման ենք մտածում: Լինելով միանգամայն տարբեր մարդիկ՝ ժամանակի ընթացքում նմանվել ենք իրար, նույն հայացքներն ունենք: Ես, օրինակ, գիտեմ, որ այսինչ բանը եթե անեմ, հնարավոր է՝ դուր չգա Գնելին և հակառակը: Հագուստի ընտրությունից սկսած, վերջացրած սովորական առևտրով՝ նույն ճաշակն ունեք: Այդ փաստը, հավատացեք, կյանքն ավելի է հեշտացնում: Այս ամենին հասել ենք միասին ապրելով ու նաև այդպիսին գտել ենք իրար: Տարիները հղկել են մեզ:

Ի՞նչը կարող է մեզ համար վեճի թեմա դառնալ

Գնել

Տարաձայնություններ, փառք Աստծո, գրեթե չենք ունենում: Ընտանիքում զիջողի դերում ոչ միշտ է կինս լինում: Երբ որ զգամ՝ ես պետք է զիջեմ, չեմ ամաչի ու կանեմ դա: Մեր ընտանիքի համերաշխության բանաձևը սերն ու փոխզիջման գնալու երկուսիս պատրաստակամությունն է: Չպետք է քո սկզբունքներով առաջնորդվես, քո կամակորություններն առաջ տանես, դրա արդյունքում վնասես քո ընտանիքի ջերմությունն ու  երջանկությունը: Հետո, երբ զգաս՝ ինչ ես արել, վստահաբար կզղջաս… Կոպիտ եմ ասում, բայց թագը գլխիցդ չի ընկնի, եթե մի բանի վրա էլ աչք փակես, բայց ընտանիքիդ ջերմությունն ու համերաշխությունը պահես:

Աշխատանքային խնդիրներ եթե ունենում եմ, առաջին մարդը, ով պատրաստ է իր օգնությունն առաջարկել ու արժեքավոր խորհուրդներով օգնել, Աննան է: Նա ուղղակի կին չէ, ով զբաղվում է կենցաղով ու երեխայի դաստիարակությամբ, նա իմ լավագույն ընկերն է:

Աննա

Սխալ են այն մարդիկ, ովքեր մտածում են, որ ամուսնությունից հետո ռոմանտիկան մեռնում է, ու սկսվում են կենցաղային խնդիրներն ու վեճերը: Կենցաղային խնդիրները ոչ մի պարագայում չեն անդրադարձել մեր զգացմունքների վրա, հակառակը, մեր սիրո չափաբաժինը կրկնապատկվել է:

IMG_7804 copyIMG_7889 copy

Դժվարությունները հաղթահարելու մեր բանաձևը սերն է

Գնել

Միակ ճանապարհը սերն է: Դժվարություններ միանշանակ լինում են թե երեխայի դաստիարակության հետ կապված, թե աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, բայց տանեցիները մեղավոր չեն, որ դու ինչ-որ բանից նեղված ես: Եթե հարաբերությունների հիմքում սեր է լինում, ցանկացած դժվարություն հաղթահարելի է: Եթե կոնֆլիկտին կոնֆլիկտով պատասխանես, կդառնա մեծ պատմություն: Մենք կոնֆլիկտները շուտ ենք հարթում:

Աննա

Եթե սկզբնական շրջանում կարողանում էինք իրարից խռով մնալ, ապա հիմա ընդհանրապես չի ստացվում:) Շատ լուրջ տարաձայնությունների դեպքում էլ ամենաշատը մեկ ժամ ենք կարողանում իրարից նեղացած մնալ: Գնելը հումորի զգացողություն ունի, ու լարված մթնոլորտը նրան հաջողվում է ցրել: Բախտներս բերել է, որ երկուսս էլ հումորով ենք ու սիրում ենք մեկս մյուսի հումորները:

Միաժամանակ լինել տան լավ տնտեսուհի՝ գումարած երեխայի խնամք. դժվարություններն անխուսափելի են, բայց փորձում եմ համատեղել: Եթե ինչ-ինչ հարցերում թերություններ էլ լինում են, Գնելն ըմբռնումով է մոտենում:  Օրվա վերջում հոգնում եմ, փնփնթում, ու Գնելը հասնում է ինձ օգնության: Երեխային ինձ հետ հավասար խնամում է:

IMG_7758 copyIMG_7690 copy

Կյանքն ավելի լիարժեք դարձավ Մալվինայի ծնունդից հետո

Գնել

Շատ կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչ փոխվեց մեր կյանքում դստերս ծնունդից հետո, որովհետև շատ սահուն եղավ այդ ամեն ինչը, բայց միանշանակ կարող եմ ասել, որ վեճերն են քչացել, որովհետև էլ ժամանակ չունենք անիմաստ բաների համար կռվելու: Հիմա ազատ ժամանակ կարող ես երեխայիդ գրկել, ինչը մի ամբողջ կյանք  արժե: Մեկ-մեկ, երբ տանը չի լինում, անասելի շատ ենք զգում նրա պակասը, մտածում ենք՝ ինչ էինք անում այն ժամանակ, երբ նա չկար:

Աննա

Հիմա առանց Մալվինայի անհնար է: Հաճելի բան է, երբ երեխայիդ դու ես դաստիարակում, սովորեցնում առաջին բառերը, քայլել:

Գնել

Երիտասարդ զույգերը սովորաբար խուսափում են պատասխանատվությունից ու հաճախ հետաձգում երեխայի ծնունդը, բայց մենք ընդհանրապես այդպիսի միտք չենք ունեցել: Հաճելի զգացողություն է: Քոնն է, քո արյունը, գենը, քեզանից ծնվածի հանդեպ պարտավորություն ես ստանձնում: Այն սխալներն ու թերությունները, որ տեսնում ես ուրիշի մեջ, փորձում ես թույլ չտալ, որ ինքը ունենա:

Աննա

Այնպես չէ, որ միանգամից  եղավ Մալվինայի ծնունդը: Ուրեմն՝ պետք էր իր գալը ու եղավ ժամանակին: Հաճելի դժվարություն է, գիտես՝ ինչի համար է այն:  Աստված առաջ, մեր երեխան միայնակ չի մնա, ժամանակին քույր ու եղբայր էլ կունենա: Եթե կյանքում լինի դժվարություն, թող դա լինի երեխա դաստիարակելն ու մեծացնելը:

IMG_7899 copyIMG_7742 copyՄեր դուստրն իսկական Մալվինա է

Աննա

Անունը շատ դժվարությամբ ենք ընտրել: Ով գալիս էր երխային տեսնելու, մի անուն ասում էր: Բայց ինքը շատ նուրբ երեխա է, ու մի տեսակ այդ անուններն իրենը չէին: Հիվանդանոցից տուն գալուց 10 օր հետո նոր կարողացել ենք անուն որոշել երեխայի համար: Մի օր քնած ժամանակ մտքիս Մալվինա անունը եկավ, արթնացա, որ Գնելին ասեմ, մոռացա: Հաջորդ օրը նորից քնի մեջ կարծես զգայի անունը: Արթնացա, ասացի Գնելին՝ իսկ եթե Մալվինա՞: Ասաց. «Շատ սիրուն է, ես էլ եմ  սիրում այդ անունը»,  բայց իհարկե ոչ ոք համաձայն չէր Մալվինա տարբերակին: Ամեն մեկս իր ուզած անունը գրեց թղթին, ու պատահականության սկզբունքով ընտրեցինք: Պարզվեց՝ հենց Մալվինան եմ ընտրել, շատ էի ուրախացել: Ովքեր կասկածում էին անվան հարցում, հիմա ասում  են, որ անունը հենց իր համար է, շատ է սազում: Ինձ թվում է՝ երբ ինքը գիտակից դառնա, շատ կսիրի իր անունը:

 Երեխայի դաստիարակության հետ կապված ունենք որոշակի սկզբունքներ

 Գնել

Ես կարևորում եմ, որ երեխան պետք է միանշանակ դաստիարակված լինի, մանավանդ աղջիկ երեխան: Չեմ  սիրում, երբ երեխային չափից դուրս երես են տալիս, անգամ եթե նա այն տարիքում է, որ շատ բաներ չի հասկանում: Պետք է վերահսկել, պետք է ուշադրության կենտրոնում պահել, պետք է այնպես անել, որ մենակ քեզ դուր չգա երեխայիդ արարքը, այլև՝ շրջապատին: Շատ շուտվանից արդեն զբաղվում ենք Մալվինայի դաստիարակությամբ, ու կապ չունի, որ նա ընդամենը 10 ամսական է:

 Աննա

Չնայած փոքր է, բայց Մալվինան ունի իր ընդգծված բնավորությունը: Երես չենք տալիս, բայց հաշվի ենք առնում նաև նրա ցանկությունները: Շատ պարզ բան. եթե չի ուզում քնել, չենք ստիպում: Ասում են, որ արտաքնապես ամբողջովին հայրիկին է նման:

IMG_7909 copyIMG_7859 copy

Ընտանեկան ժամանցը սիրում ենք կազմակերպել Երևանում

Գնել

Ազատ ժամանակը սիրում ենք անցկացնել մայրաքաղաքում զբոսնելով: Աննան քաղաքային մարդ է՝ ի տարբերություն ինձ: Մանավանդ Սունդուկյան թատրոնի տարածքը մեզ շատ հարազատ է: Միշտ մեզ այս կողմերում է հնարավոր տեսնել: Շատ բան չկա իրականում, որ կարելի է անել մեր քաղաքում, սահմանափակ են սրճարանները, որտեղ կարելի է հանգիստ մեկ բաժակ սուրճ խմել: Այնպես չէ, որ խուսափում ենք հանրային ուշադրությունից, իմ կերպարները միշտ այնպիսին են եղել, որ արձագանքները դրական են:  

Աննա

Ժամանցն աշխատանքի հետ փորձում ենք համատեղել: Քանի որ Գնելը թատրոնում է աշխատում, ես ու դուստրս հաճախ ենք հյուր գնում նրան, կուլիսներից հետևում փորձերին:

33112971_2166638093566833_2839765099747475456_n copyIMG_7947 copyIMG_7867 copyIMG_7699 copyIMG_7711 copyIMG_7980 copy
 Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Johny Core
Արտ տնօրեն՝ Կարեն Անտինյան 
 Նկարահանումներին  աջակցել է SonSation աքսեսուարների խանութ սրահը
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել