Ես ռազմական գործից բան չեմ հասկանում եւ խոսում եմ որպես շարքային քաղաքացի։ Վստահ եմ, որ այդ գործից հասկացողները շատ ավելի հիմնավոր պատճառներ գիտեն։
Առաջին. նախ՝ հիշենք, թե այս պահին Ո՛Ր Հայաստանում ենք ապրում մենք։ Մի Հայաստանում, որտեղ նոր իշխանությունը պատերազմ է հայտարարել կոռուպցիայի եւ հին ու նոր հանցագործների դեմ, որոնցից կան ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում։ Ավելին, նոր կառավարության իշխանությունը հաստատուն չէ, նախկինները եղունգները սրած հարմար պահի են սպասում, որ հարձակվեն։ Այս իրավիճակում եթե վարչապետն ունի բացահայտ արտահայտվող համակիրների շատ մեծ բանակ, ունի նաեւ անտեսանելի թշնամիների ոհմակ, որոնք գուցե քիչ են, բայց ՎՏԱՆԳԱՎՈՐ են։ Կրկնում եմ, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում։ Իրերն իրենց անուններով տանք, հա՞։ Հայրենասիրությունն ամենեւին էլ Արցախի վրա ծիածանագույն վարագույր կախելը չէ. ինչքան թալանչի այստեղ կա, դրա կեսի չափ էլ այնտեղ կա, եւ այս բոլորն իրար հետ կապված են զանազան թելերով։
ԵՐԿՐՈՐԴ. Ահա այս անառողջ մթնոլորտում վարչապետի որդին մեկնում է առաջնագիծ։ Այս իրավիճակում այդ նույն բանակում առանձնահատուկ ուշադրություն պետք է լինի վարչապետի որդու նկատմամբ՝ ՇԱՏ ՀԱՍԿԱՆԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ։ Եվ այդ վերաբերմունքը դուր չի գալու մնացած զինվորներին։ Վարչապետի որդին ոչ մի մեղք չունի, որ այդպիսի վերաբերմունքի է արժանանալու։ Այդպիսի վերաբերմունքի արժանացնողներն էլ ոչ մի մեղք չունեն. նրանք էլ են հասկանում, որ ներքին թշնամին քնած չէ։ Ոչ մեկը մեղավոր չէ, բայց նման իրավիճակը տհաճ է մնացած զինվորների համար։
ԵՐՐՈՐԴ. Հակառակորդը։ Այդ հակառակորդը գիտի, որ Հայաստանի վարչապետի որդին առաջնագծում է։ Նրանք ամեն ինչի պատրաստ են։ Այստեղ չմանրամասնեմ։ Ու որպեսզի նման վտանգը բացառվի, այնտեղ, որտեղ ծառայելու է վարչապետի որդին, անհրաժեշտություն է ծագելու պաշտպանությունը կրկնապատկելու։ Էս դեպքում էլ հրամանատարությունը մեղավոր չէ, վարչապետի որդին նույնպես մեղավոր չէ, բայց սա էլ է անառողջ մթնոլորտի հիմք մնացած զորամասերի զինվորների համար։
Իբր՝ պաշտպանում եք իմ տեսակետը, բայց այսպիսի հիմնավորումը, թե՝ ճիշտ եք ասում, մինուճարն է, ինչու՞ գնա առաջնագիծ, կտրականապես սխալ եմ համարում։ Էնքան մինուճարներ են գնացել ու ետ չեն եկել, ամեն մեկի երեխան իր ծնողների մինուճարն է։ Եթե նույնիսկ տասը որդի ունենար վարչապետը, այս իրավիճակում սխալ է, որ նրա որդին առաջնագծում ծառայի։
Սա նաեւ խանգարելու է նույն վարչապետի հավասարակշռված իշխանավարմանը։
Առայժմ այսքանը։
Ավելի վախենալու բաների մասին չեմ գրի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել