ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով  Հայաստանում գտնվող բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ մտադիր է նպաստել  Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց  եւ ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների խնդիրների լուծմանը:

«Ես ԱՄՆ-ում եւ Անգլիայում շատ հայ ընկերներ ունեմ: Րաֆֆի եւ Վաչե Մանուկյանները մեր ընկերներն են: Նրանք մեզ միշտ պատմել են Հայաստանի մասին: Ահա եւ մենք եկանք եւ տեսնում ենք, որ այս երկիրը լի է էներգիայով, այն երիտասարդ է եւ պատրաստ է զարգանալ: Ես եւ Դեյվիդը միշտ ցանկացել ենք գալ այստեղ: Հայաստանն ինձ համար որպես նորություն է ընկալվում: Այստեղ շատ էներգիա, հույս եւ խոստումներ կան: Շատ բան դեռ հարկավոր է անել, բայց դուք դեռ 25 տարեկան եք: Մենք՝ որպես կազմակերպություն, մտադիր ենք  ՁԻԱՀ-ի, ՄԻԱՎ-ի, ԼԳԲՏ հանրության ոլորտներում որոշակի աշխատանք կատարել: Մենք այստեղ ենք եկել, որպեսզի հանդիպենք այդպիսի մարդկանց, բարելավենք շփումները, վերադառնանք Անգլիա եւ այնտեղից սկսենք օգնել նրանց», - ասաց նա:

Երգչի խոսքով՝ միշտ հաճելի է օգնել, երբ դա նպաստում է փոփոխություններին: Ըստ նրա՝ անհնար է արագ փոխել մարդկանց մտածելակերպը, սակայն դա կլինի. հարկավոր է քայլ անել: 

«Մենք կարող ենք բարելավել այդ գործերը եւ կառավարությանն օգնել այդ ոլորտում, որպեսզի ՁԻԱՀ-ով վարակված մարդիկ հանգիստ եւ անվտանգ վայր ունենան, որտեղ նրանց կկարողանան ստուգվել եւ օգնել առողջ կյանք ունենալ: Մենք ուզում ենք օգնել նաեւ ԼԳԲՏ հանրությանը: Կարծում եմ,՝ նոր վարչապետի եւ նախագահի հետ նման խնդիրները դեպի լավը կփոխվեն։ Ամեն ինչ արդեն փոխվում է: Կարծում եմ՝ մենք կարող ենք և մենք ուզում ենք օգնել, որ այդ փոփոխությունները կատարվեն էլ ավելի մեծ թափով»,- ասաց նա:

Նա նշեց, որ իր բախտը բերել է, եւ Անգլիայում նա կարողացել է ամուսնանալ իր ամուսնու հետ: Նա երբեք չի մտածել, որ դա կարող է տեղի ունենալ:

«Ամեն ինչ դանդաղ է փոխվում: Պետք է ամեն ինչ անկեղծ սրտով անել: Միշտ հաճելի է փոփոխությունների փոթորկի մի մասը լինել»,- եզրափակեց երգիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել