Շաբաթներ առաջ Թբիլիսիում տեղի ունեցան հուժկու հանրահավաքներ, որոնց մասնակիցները, սկսելով թեթև թմրամիջոցների օրինականացման հայտից և երիտասարդների հանգստի իրավունքի խախտումների դեմ բողոքներից, հասան մինչև ՆԳ նախարարի ու վարչապետի հրաժարականի պահանջին։ Իրադարձությունների առիթը ոստիկանական կոշտ գործողություններն էին Թբիլիսիի գիշերային ակումբներում՝ ընդդեմ թմրամիջոցների օգտագործման։ Հանրահավաքներում և նրանց մեկնաբանների խոսքերում նաև համեմատություններ և համերաշխության կոչեր հնչեցին Հայաստանի հետ։

Վրաստանում ևս գործողությունների նախաձեռնությունը երիտասարդների կողմից էր։ Հիմնական բարձրացված խնդիրը կրկին արժանապատվությունն էր։ Թբիլիսիում փորձեցին կիրառել հայաստանյան միտինգային տեխնոլոգիաների նմանօրինակները՝ փողոց փակել, վրաններ, երաժշտական ձևավորում, ինտերնետային լայֆ հեռարձակում։ Ինչպես Հայաստանում Կարեն Կարապետյանը փորձեց օգտվել հեղափոխական վիճակից, Վրաստանում ևս կառավարող կուսակցության մեջ ևս տարբեր թևեր ջանում էին շարժումն օգտագործել կուսակիցների դեմ և իշխանության մեջ իրենց դիրքի առաջընթացի համար։

Անհրաժեշտ է նկատել, որ Թբիլիսիում բարձրացված հիմնական պահանջն իրականում մարգինալ էր՝ թմրամիջոցների լեգալացում։ Հավաքվածներին կնքեցին որպես ուլտրալիբերալներ, և նրանց դեմ ելան ուլտրապահպանողականները։ Ոստիկանությունը լուրջ ջանքեր գործադրեց երկու զուգահեռ հանրահավաքների միջև բախումը չեզոքացնելու համար։ Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ առաջ էին քաշում պահանջներ, որոնք չէին շոշափում վրացական հասարակության հիմնական խնդիրները և չէին պահանջում դրա համար լուծումներ։

Դժվար էր ակնկալել, որ Թբիլիսիի հանրահավաքները կհանգեցնեին իշխանափոխության, քանի որ Վրաստանի քաղաքական համակարգը շատ ավելի բաց է Հայաստանի նախահեղափոխական վիճակի հետ համեմատած։ Ամենակարևորը՝ Վրաստանում իշխանությունը ձևավորվել է ընտրությունների միջոցով և հնարավորություն ունի ընտրություններով փոփոխվելու։ Այս պատճառով այնտեղ քիչ հավանական էր իրավիճակի այն պայթյունը, որ տեղի ունեցավ Հայաստանում։ Հայաստանում պայթյունի պատճառը հասարակություն-իշխանություն կապի այլասերումն էր, երբ հասարակությունն ի վիճակի չէր ազդելու իշխանության վրա, իսկ իշխանությունն ազդում էր իր համար հարմար ու ցանկալի ձևերով առանց հաշվի առնելու դրանց արդյունավետությունը և հիմնականում արհամարհելով հասարակության ձգտումները։ Ստեղծված առանց ապահովիչ փականների քաղաքական կաթսան, քանի որ չուներ գոլորշին բաց թողնելու քաղաքական ձևեր, պետք է պայթեր, թե երբ և ինչպես՝ միայն մանրամասների հարց էր։

Վրաստանի իշխանությունները չարհամարեցին անգամ բարձրացված այս մարգինալ պահանջները։ Շատ արագ արձագանքեցին ամենաբարձր պաշտոնյաները՝ Թբիլիսիի քաղաքապետը, ՆԳ նախարարը, նախագահը, ճիշտ է, սկզբում ոչ լրիվ ադեկվատ, սակայն հետագայում՝ այնպես, որ հնարավորություն եղավ հանդարտեցնելու բողոքավորներին։

Այս բողոքի միջոցառումների կարևոր առանձնահատկությունն այն էր, որ քաղաքական ուժերը չփորձեցին ամեն ինչում տեսնել Մոսկվայի ձեռքը։ Վրաստանի քաղաքական զարգացումներում միշտ եղել են Ռուսաստանին մեղադրելու փորձերը՝ անկախ դրանց բովանդակությունից։ Դա նաև բնական է, քանի որ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի տարածքի զգալի մասը և հայտարարված թշնամի է հանդիսանում։

Այս դեպքում Ռուսաստանին անտեսելը նշանակում է, որ կա՛մ հանրային բողոքը դեռ չէր ստացել բավարար քաղաքական բովանդակություն, կա՛մ այս դեպքում ևս դաս էին քաղել Հայաստանի դեպքերից, որտեղ չներկայացվեցին ապագաղութացման կոչեր, ինչը տվեց հեղափոխության հնարավորություն։ Իհարկե, Հայաստանի պարագայում ևս այս խնդիրը չբարձրաձայնելը չի նշանակում նրա չգոյություն, սակայն սահուն շրջանցումը հնարավորություն բացեց փոփոխությունների համար։

Ըստ էության, Ռուսաստանին ուղղված մեղադրանքները և երկրի ներքին խնդիրները բացառապես արտաքին գործոններով պայմանավորելը հանդիսանում է դժգոհության եռացող կաթսայի գոլորշին բաց թողնելու փական։ Եթե բոլոր ներքին հարցերը գցում ենք Մոսկվայի վրա, ապա դա կոչ է անգործության, քանի որ սպասում ենք, թե երբ Կրեմլում կլինեն փոփոխություններ, միաժամանակ պարպում ենք մեր դժգոհությունը, քանի որ արդեն գտել ենք մեղավորին և ընդդիմադիր կոչերն արել ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել