Analitik.am-ը գրում է.
Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի նոր կառավարության կազմը գրեթե ամբողջությամբ կապված է միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող հիմնադրամների, ՀԿ-ների և այլ կազմակերպությունների հետ: Ջորջ Սորոսի մասին տեղեկությունները բավականին հակասական են, սակայն կան հստակ տվյալներ, որ մի շարք երկրներ և դրանց ղեկավարներ լուրջ կոնֆլիկտներ ունեն Սորոսի հետ՝ ընդհուպ անձնական թշնամանք: Ներկայացնում ենք այդ երկրների և կոնֆլիկտների մասին տեղեկություններ.
 
Իսրայել
Իսրայելում Ջորջ Սորոսի գործունեությանը վատ են վերաբերվում ԱԳՆ մակարդակով: Իսրայելի ԱԳ նախարարը նույնիսկ Սորոսին ուղղված հայտարարություն էր արել առ այն, որ Սորոսը բազմաթիվ անգամներ փորձել է քանդել դեմոկրատական սկզբունքներով ընտրված իշխանությունների հիմքերը՝ տարբեր կազմակերպություններ ֆինանսավորելով, որոնք սուտ են տարածել հրեական պետության մասին և փորձել են զրկել Իսրայելին  ինքնապաշտպանության իրավունքից: Քաղաքագետ Ավիգդոր Էսկինն էլ ասել էր, որ Սորոսը վաղուց ծայրահեղ  անցանկալի մարդ է Իսրայելում՝ չնայած իր հրեական արմատներին, քանի որ նա մշտապես փորձել է քանդել Իսրայել պետության հիմքերը: Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ»  կազմակերպությունը ոչ միայն փորձել է պետական քաղաքականությունը կազմաքանդել, այլ նաև ֆինանսավորել է հակաիսրեյալական երթեր, փորձել է խառնվել երկրի ներքաղաքական գործընթացներին:
 
Իսրայելում հաքերները նույնիսկ կոտրել են «Բաց հասարակության հիմնադրամ»-ի  էլեկտրոնային հասցեները և հրապարակել նամակներ, որտեղ պարզ երևում է, որ միլիարդատերը  միլիոնավոր դոլարներ է տրամադրել իսրայելական պետության քանդման համար՝ դեմոկրատական արժեքների և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության անվան  ներքո:
 
DCLeaks-ի հաքերները նաև ցուցակ էին հրապարակել, որտեղ Եվրախորհրդարանի 226 պատգամավորներ են, որոնց «Բաց հասարակության հիմնադրամ»-ը համարում է իրենց գաղափարական դաշնակիցներ:
Հունգարիա
 
Հունգարիայում Սորոսի դեմ արշավը սկսվեց այն ժամանակ, երբ այդ երկրում կրթական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարվեց, որի համաձայն փակվեց Սորոսի կողմից ֆինանսավորվող Կենտրոնական-Եվրոպական համալսարանը (CEU): Այս օրենքն արդյունք էր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Ջորջ Սորոսի մեջ եղած երկարատև հակամարտության:
 
Հունգարիայի վարչապետը բազմաթիվ անգամներ մեղադրել էր Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ»-ի  կողմից հովանավորվող ՀԿ-ներին նրանում, որ վերջիններս փորձում են ազդեցություն ունենալ երկրի քաղաքական գործընթացների վրա: Իրավապահ մարմիններն էլ բացահայտել էին դեպքեր, որ այս ՀԿ-ների անդամներն օգնում են Հունգարիա անօրինական  ներթափանցել փորձող միգրանտներին, ովքեր փախստականի կարգավիճակ են ցանկացել ստանալ:
Վիկտոր Օրբանի խոսքերով, ստուգումները բազմաթիվ իրավախախտումներ են արձանագրել Սորոսի կողմից ֆինանսավորվող հաստատություններում: Չնայած Հունգարիայում անցկացված ցույցերին, միջազգային և տեղի մի շարք կազմակերպությունների բողոքներին, Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը ստորագրեց օրենք, որի համաձայն փակվեց Սորոսի կողմից ֆինանսավորվող CEU համալսարանը:
Սակայն, սրանով Հուգարիայում Սորոսի դեմ պայքարը չավարտվեց: Անձամբ Վիկտոր Օրբանի օգնությամբ ցույցեր կազմակերպվեցին, որոնք պահանջեցին Սորոսին չխառնվել երկրի ներքին քաղաքական հարցերին՝ վնասելով պետական շահերը:
 
Հունգարիայում ընթացող  ցույցերը փորձեցին  օգտագործել որոշ հակապետական կազմակերպություններ՝ ներկայացնելով դրանք որպես հակասեմիթական և փորձ կատարելով սրել Հունգարիայի և Իսրայելի հարաբերությունները: Սակայն, որոշ ժամանակ անց Հունգարիա այցելեց Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, ով իր աջակցությունը հայտնեց Վիկտոր Օրբանին՝ Ջորջ Սորոսի գործունեությունը քննադատելու համար:
Արևելյան Եվրոպա
 
Լեհաստանի իշխանությունները նույնպես նախաձեռնել են արշավ  ընդդեմ  Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների, մասնավորապես Batory հիմնադրամի դեմ, որը միլիարդավոր եվրոներ է տարեկան ուղարկում լեհական ՀԿ-ներին, որպեսզի 2020 թվականին հասնի իշխանափոխության:  Լեհաստանի իշխանությունները պնդում են, որ ինչքան էլ հայտարարվում է, թե խորհրդարանական ժողովրդավարության առաջմղման նպատակ ունեն այդ ՀԿ-ները, բայց իրականում խոսքը վերաբերում է ավանդական կաթոլիկ արժեքների ոչնչացմանը:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել