Tert.am-ը գրում է.

Մեկ տարին ոչ մի բան չի տա կամ շատ քիչ բան կտա․ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ խոսելով  «Ելք» դաշինքից նշանակված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի՝ ՀՀ ժամանակավոր, համաձայնության կառավարությանն ուղղված առաջարկի ՝ սոցիալական վճարի պարտադիր նորմը մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը, հետաձգելու մասին:

Ասատրյանը նկատեց՝ հետաձգելը, պրոբլեմներն անտեսելը կամ լուծումներից խուսափելը նախկին իշխանության ոճն էր: «Այդ մեկ տարին միանշանակ ավելի վատ դեր է խաղալու, որովհետև նոր փաստարկներ առաջ չեն գալու, նոր իրողություն չի ձևավորվելու»,- ասաց նա:

- Պարո՛ն Ասատրյան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Կառավարությանն ուղղված առաջարկ է ներկայացրել՝  սոցիալական վճարի պարտադիր նորմը մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը հետաձգելու մասին: Դուք բազմիցս նշել եք, որ «Պարտադիր կենսաթոշակային համակարգը» անհրաժեշտություն է, Հայաստանն այլ կերպ չի կարող  անել: Ի՞նչ գնահատական կտաք Մանե Թանդիլյանի առաջարկին:

-Նախ հիշեցնեմ նաև, որ առաջին հետխորհրդային խորհրդարանում ես այս խնդիրներով էի զբաղվում: Այն ժամանակ մեր հնարավորությունները շատ ավելի սուղ էին: Մենք երազել անգամ չէինք կարող կուտակային համակարգ ներդնելու մասին: Բայց այն ժամանակ էլ ինչ-որ քայլեր արեցինք, որոնց մեջ արդեն կուտակային համակարգի իմաստը կար: Ցավոք, հետագա իրադարձությունները չհանգեցրին նրան, որ համակարգը զարգանա: Ավանդական մոդելով, այսպես կոչված, սերունդների պատասխանատվության մոդելով ընթացքը շարունակվեց, որը զարգացած հասարակարգերում կարող է արդյունավետ լինել, բայց մեր տիպի  տնտեսությունում հայտնի է, թե ինչ արդյունքի կարող էր բերել` ներկայիս վիճակը վկա:

Երկու խոսք կուզեի ասել նախկին իշխանությունների մասին:  Առիթ եղել է, այն ժամանակ էլ ասել եմ, հիմա էլ  ասում եմ՝ այս իրավիճակը նախորդ իշխանությունների  անպատասխանատու քաղաքականության արդյունքն է: Սա ասում եմ ոչ թե նախկին իշխանությունների հասցեին ինչ-որ գնահատական տալու համար, հրապարակը դա արդեն իսկ արել է, այլ նրա համար, որ այսօրվա՝ նոր սերնդի գործիչները դասերը քաղեն, ճիշտ կողմնորոշվեն: Այս տեսակ խնդիրներ միշտ լինում են, և դրանց լուծումը բավականին բարդ է՝ անցում կուտակային համակարգին, հատկապես «պարտադիրին» անցումը: Պետք է քաղաքական կամք դրսևորել այդ անցումը կատարելու համար: Բոլորս էլ գիտակցում ենք, որ ներկայիս սերունդը վնասներ է կրելու, մինչդեռ դրական արդյունքները մենք տեսնելու ենք միայն քսան տարի հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել