Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
 
Դեսպան Սվիտալսկին նշել է, որ ակնկալում է նորանշանակ կառավարության հետ համատեղ սերտ աշխատանք՝ ՀՀ-ԵՄ համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցությունը 2018 թվականին ավելացել է մեկ քառորդով, ինչը վկայում է առաջիկայում ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել ընդլայնման հեռանկարի ու հնարավորությունների մասին:
 
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերն ու ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, մտքեր փոխանակել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը՝ ակնկալելով դրա հետևողական զարգացումը:
 
Դեսպան Պյոտր Սվիտալսկին դրական է խոսել Հայաստանի տնտեսական, դատաիրավական և մի շարք այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Հայաստանին երկրի համար կարևոր այս փուլում:
 6
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել