168.am-ը գրում է.

Ռուսաստանն անհանգստացած է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի համագործակցության խորացումից եւ իրավունք ունի համարժեք միջոցներ ձեռնարկելու իր անվտանգության ամրապնդման համար:

Այդ մասին ասված է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նախօրյակին Պրահայում կայացել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի բանակցությունների հերթական փուլը:

«Գ. Բ. Կարասինը հանդիպմանը լուրջ անհանգստություն է հայտնել ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի խորացող համագործակցության կապակցությամբ: «Անդրկովկասի «ռազմական յուրացումն» արտատարածաշրջանային ուժերի կողմից ուղղակի սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի համար:

Հյուսիսատլանտյան դաշինքի գծով Վրաստանի գործընկերները չեն թաքցնում, որ նրան զինում են հենց «Ռուսաստանին դիմադարձելու» համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Դրանում նշված է, որ «այդ իրադրության մեջ ռուսական կողմը համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի իր եւ իր դաշնակիցների անվտանգության ամրապնդման համար», հաղորդել է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել