Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարց այս պահին չի քննարկվում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Նա նշեց, որ հունիսի 1-ից կանգնեցնելու են գործող ատոմակայանի աշխատանքը՝ երկարաձգման շինարարական աշխատանքները իրականացնելու համար: «Մի քանի օրից կանգնելու է նաև Երևանի ՋԷԿ-ի աշխատանքները, քանի որ վերակառուցման աշխատանքներ են իրականացվելու: Ամբողջական ուժի մեջ կմտնի Հրազդանի 5-րդ բլոկը, մենք նաև Վրաստանից ենք հոսանք ներկրում, ամեն ինչ ապահովված է, մենք որևէ խնդիր չունենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Ատոմակայանի աշխատանքներն ըստ պայմանագրի  և փորձագիտական եզրակացության երկարացվում են 10 տարով, սակայն նախարարը համոզմունք ունի, որ այն ավելի երկար կարող է աշխատել:

Նախարարը հայտնեց, որ ատոմակայանի աշխատանքները դադարեցված են լինելու մինչև 2019թ., սակայն հավելեց, որ դա լինելու է փուլային: «Ըստ փուլերի մենք երկու ամիսը մեկ անգամ էներգաբլոկի տուրբինները փորձելու ենք գործարկել, որպեսզի ներազդեցությունը շատ մեծ չլինի»,- նշեց Արթուր Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել