168.am-ը գրում է.

Հայաստանի ոստիկանությունը ճանապարհներին տեղադրված երեք արագաչափերի գողության դեպք է արձանագրել, ևս մեկ արագաչափ վնասվել է: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն ասաց, որ արագաչափերի ցանկացած շարժի վերաբերյալ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացված է լինում:

«Արագաչափերի շարժը կամ փոփոխությունը կատարվում է ոստիկանության հանձնարարականի հիման վրա:Արագաչափերը պետական սեփականություն են, և այդպիսի գործողություններով վնաս է հասցվում մեր պետության շահերին»,-ասաց նա:

Անդրադառնալով ճանապարհների արագաչափ և տեսանկարահանող սարքերի գործունեությունը դադարեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, Խաչատրյանը հիշեցրեց, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը գործել և գործում են:

«Վերջին օրերին թյուրըմբռնումների հետ կապված իրավախախտումների քանակի աճ է նկատվել»,-հավելեց ՃՈ պետի տեղակալը:

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն`ոստիկանությունում մշակվում են համալիր միջոցառումներ` ոլորտում էական փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք ՀՀ արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կարճ ժամկետում կներկայացվեն հանրությանը:

Ոստիկանությունը երթևեկության մասնակիցներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել