Panorama.am-ը գրում է.

ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը քննադատություններին դրական է վերաբերվում։ Մայիսի 22-ին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նախարարն անդրադարձավ իր նշանակման առաջին օրերին իր հասցեին հնչող անանուն դժգոհություն-մեղադրանքներին։

«Պարտադիր չէ, որ բոլորը հավանեն ինձ և այն գործելաոճը, որ ես որդեգրել եմ, կլինեն մարդիկ, ովքեր գոհ են, և մարդիկ, ովքեր դժգոհ են։ Աշխատակիցները պետք է որ զգան աշխատելաոճի տարբերությունը։ Ես պահանջում եմ, որ գոնե իննից վեցը քրտնաջան, ակտիվորեն լծվեն աշխատանքին։ Պարզ է՝ ովքեր կրում են ինձ հետ այն առաքելությունը, որ ունենք նախարարությունում, նրանց այդ աշխատաոճը, հաշվետվողականությունը դուր կգա, նրանք, ովքեր այլ կերպ են պատկերացնում, գուցե դժգոհ լինեն»,- ասաց նա։

Հայրապետյանը նշեց, որ ընդունում է բոլոր տեսակի քննադատությունները և սովորում դրանց վրա։ Նա արձագանքեց իր հասցեին հնչող ևս մեկ քննադատության՝ բանակում ծառայած չլինելու վերաբերյալ, տեղեկացրեց, որ բանակում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով, 18 տարեկանից ազատված է ծառայությունից, բայց եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան, կպահանջեն, պատրաստ է բժշկական տեղեկանքը հրապարակել։

Նախարարն ասաց, որ Հայաստանը լքելու պատճառը միայն սոցիալական վիճակը չի եղել, մեր հայրենակիցները արտագաղթի ճանապարհն են բռնել բազմաթիվ այլ պատճառներով ևս՝ անհավասար մրցակցության պայմանների, կոռուպցիայի, արդարության պակասի և այլ պատճառներով։ Հայրապետյանը նշեց՝ որպես նոր կառավարություն, իրենց առջև հայրենադարձության խնդիր դնելով, պետք է հասկանան՝ որոնք են երկիրը լքելու բուն պատճառները, և դրանց հստակ լուծումներ տան։ Նրա համոզմամբ՝ միայն այդ պայմաններում է, որ կկարողանան ներգաղթ ապահովել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել