«Հարազատ թշնամի», «Առաջնորդները», «Երանի» ու մի շարք այլ նախագծերից հայտնի դերասանուհի Անուշկա Մարգարյանն այս  ընթացքում նկարահանվում է «Երևի» հեռուստասերիալում: BlogNews.am-ի հետ անկեղծ հարցազրույցում դերասանուհին խոսել է ներկայիս զբաղվածության, սերիալային ինդուստրիայի, հոնորարների, անձնական կյանքի, երջանկության ու կատարյալ հարաբերությունների մասին իր պատկերացումների միայն:

 

- Անուշկա, այս շրջանում նկարահանվում ես «Երևի» հեռուստասերիալում, հետաքրքիր է՝ ինչո՞վ է քեզ գրավել դերը, որ համաձայնել ես առաջարկին:

- Իմ դերասանական պրակտիկայում հիմնականում մարմնավորել եմ բացասական կերպարների, այս դեպքում դրական կերպարով եմ ներկայանում: Քանի որ թե՛ ռեժիսորները, թե՛ հանդիսատեսն ինձ ընկալում էին որպես բացասական կերպարների դերակատարի, միշտ առաջարկներն այդ բնույթի էին լինում: Այս դեպքում եղավ լրիվ հակառակը: Մարմնավորում եմ խելացի աղջկա, ով կորցրել է մորն ու դրանից հետո որոշել է կատարել մոր երազանքը՝ գիրք գրել՝ այն նվիրելով մոր հիշատակին: Շատ դրական կերպար է, նույնիսկ բացասական երանգ չկա:

- Իսկ դու ինչպե՞ս ես քեզ զգում այդ կերպարում, նախորդ դերերից հե՞շտ է:

- Հետաքրքիր էր այնքանով, որ երբևէ այսպիսի դերում չէի եղել: Դուրս գալիս է, վատ չի ստացվում, ուղղակի կարծում եմ՝ բացասական կերպարներն ավելի խաղարկային են ու շատ ասելիք ունեն:

- Արձագանքներն ինչպիսի՞ն են, փոխվե՞լ է մարդկանց վերաբերմունքը, թե՞ քեզ դեռ շարունակում են ընկալել որպես «չար և նախանձ» կերպարներ կերտող աղջկա:

- Սերիալը նոր է, նոր-նոր սկսում է զարգանալ նաև կերպարս, և դեռ վաղ է խոսել արձագանքների մասին, բայց ընդհանուր առմամբ դրական կարծիքներ եմ լսում, դեռևս վատ բան չեմ լսել:

17332753_1799442733715312_39976146841894912_n

- Քեզ գոհացնո՞ւմ է այսօրվա սերիալային ինդուստրիայում տիրող մթնոլորտը:

- Քանի որ մեզ մոտ կինոարտադրությունը, կարելի է ասել, նոր է սկսել զարգանալ, այնքանով, ինչքանով որ հիմա կա, նորմալ է: Աստիճանաբար կզարգացնենք:

- Մի փոքր էլ խոսենք նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտից։ Գիտեմ, որ աշխատում ես այն նույն թիմի հետ, ինչ «Երանի» սերիալում:

- Քանի որ ես ինքս շփվող մարդ եմ, հիմնականում խնդիրներ չեմ ունեցել իմ աշխատանքային թիմերի հետ: Ինձ համար շատ հեշտ է ինտեգրվել միջավայրին, մարդկանց: Եթե անգամ ինչ-որ աննշան խնդիր լինում էլ է, միշտ  խոսում ենք, ու հարթվում է: Հետաքրքիր անձնակազմ է, հումորով, խելացի, մեկը մյուսին օգնող: Ես սիրում եմ իմ թիմը:

- Քեզ թանկ վարձատրվող դերասան համարո՞ւմ ես: Առհասարակ պահանջկո՞տ ես հոնորարների հարցում:

- Այնքան բարդ հարց եք տալիս, քանի որ այսօր ակնհայտ տարբերություն կա հեռուստաընկերությունների միջև,  այսինքն՝ մի տեղում շատ են վճարում, մեկ ուրիշ տեղում՝ ոչ այնքան: Պետք է հարմարվել նաև իրենց բյուջեին: Այն, ինչն այս պահին վաստակում եմ, ինձ բավականացնում է, բայց վատ չէր լինի, եթե քառապատկվեր:)

27574522_735768756622227_355738792369324032_n

- Նկարահանումներից դուրս ազատ ժամանակ մնո՞ւմ է ուրիշ ինչ-որ բանով զբաղվելու համար: Ի՞նչ հետաքրքրություններ ունես:

- Վերջին շրջանում, ինչ նկարահանավում եմ «Երևի» հեռուստասերիալում, բավականաչափ ազատ ժամանակ ունենում եմ, նկարահանումներիս օրերը շատ ավելի քիչ են՝ համեմատած «Առաջնորդներ» սերիալի հետ, որի դեպքում գրեթե ամեն օր նկարահանման էի լինում: Հիմա նույնիսկ անսովոր է այս վիճակը: Բայց ուրախ եմ այն առումով, որ ժամանակ մնում է ընկերների, ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու ու ինքնակրթվելու համար: Ուզում եմ նորից վերսկսել մարզասրահ հաճախելը, քանի որ 4 տարի թեթև աթլետիկայով եմ զբաղվել: Ի դեպ՝ բավականին լավ արդյունքներ էի գրանցում այն ժամանակ, բայց դասերի պատճառով ստիպված եղա թողնել:

- Անուշկա, քեզ ինքնաբավ մարդ համարո՞ւմ ես: Անձնական ու գործնական կյանքում քեզ կայացած ու երջանիկ զգո՞ւմ ես:

- Ես այդ հարցն ինձ շատ եմ տվել, բայց այդպես էլ չեմ կարողացել պատասխանել: Բարդ է ասելը, քանի որ, երբ  մարդ աճման պրոցեսում է, իրեն անընդհատ ինչ-որ բան չի հերիքում, ինքը միշտ փորձում է քայլել, բարձրանալ, հասնել: Եթե դու համարես, որ հասել ես այսինչ բանին ու երջանիկ ես, ուրեմն՝ քայլելու և առաջ գնալու տեղ չես ունենա:

- Իսկ ի՞նչն է քեզ այս պահին ամենաշատը պակասում լիարժեք զգալու համար:

- Շատ բաներ են պակասում, չեմ կարող կոնկրետ ինչ-որ բան առանձնացնել: Երևի կասեի՝ սերն է պակասում, ոչ թե աղջիկ-տղա հարաբերություններում, այլ առհասարակ: Մարդկանց մեջ սերն է պակասում։ Եթե նրանք ավելի հոգատար լինեին միմյանց հանդեպ, ամեն ինչ ուրիշ կլիներ, մարդիկ ավելի երջանիկ կլինեին:

30087338_184668422157001_6561647530688380928_n

- Իսկ ո՞րն է երջանկության քո ընկալումը, ինչպիսի՞ն ես այն տեսնում:

- Կասեմ՝ երևի թե բավարարվածության զգացողությունը: Ես այն համոզումն ունեմ, որ մարդ ցանկացած տեղ իրեն գոնե ինչ-որ չափով պիտի երջանիկ զգա՝ լինի դա աշխատանքում, ընտանիքում, թե սիրո մեջ:  Բավարարվածություն, բայց ոչ մինչև վերջ, որովհետև դա էլ սպառնում է լճացմամբ:

- Հե՞շտ ես կարողանում հաղթահարել հիասթափություններն ու դուրս գալ ճգնաժամային իրավիճակներից:

- Վերջերս նկատել եմ, որ այո: Հիմա արդեն ընկալումներս էլ են փոխվել: Նախկինում, երբ ինչ-որ բան չէր ստացվում, ընկճվում էի, մտածում՝ ինչու չի ստացվում, ուրեմն՝ ինչ-որ բան այն չեմ արել: Հիմա ամեն ինչ ուրիշ է, մտածում եմ, որ այդպես էր պետք, հետագայում, որ ուշադրություն եմ դարձնում իրադարձութուններին, մտածում եմ, որ եթե այն ժամանակ այնպես լիներ, որ երջանիկ զգայի ինձ, հիմա չէի ունենա այն, ինչ կա: Հետևանքներից ենթադրում եմ, որ ինչ-որ լինում է քո կյանքում, պատահական չի լինում, նույնիսկ եթե դրանից տուժում ես, միևնույն է, դասեր ես քաղում:

- Վերջերս հարցազրույցներից մեկում նշել էիր, որ անձնական կյանքում այս պահին սուր և հաճելի հեղափոխություն է: Մի փոքր կբացե՞ս փակագծերը՝ ինչ ասել է սուր և հաճելի հեղափոխություն:

- Այդ պատմությունը կես կատակ, կես լուրջ էր, քանի որ դրանից առաջ նույն լրագրողը, որ հարցրել էր անձնական կյանքումս ի՞նչ է կատարվում, ասել էի՝ սուր և հաճելի փոթորիկ է: Դա, կարելի է ասել, երկրորդ սերիան էր:

31762234_1204645029671267_4360519586542518272_n

- Անձնական կյանքդ միշտ եղել է հանրային ուշադրության կենտրոնում ու շատ քննարկվել, հետաքրքիր է, այժմ ի՞նչ փուլում ես, որևէ փոփոխությո՞ւն կա:

- Հանրային մարդ լինելով՝ դժվար է անձնականը պահել անձնական ու չխոսել այդ մասին: Ուղղակի առաջին փորձս թույլ չի տալիս հիմա ավելի շատ խոսել անձնականի մասին, որովհետև, երբ որ ինչ-որ բան լինում է ու հետո չի ստացվում, ու այդ մասին հանրությունն իմանում է, ավելի շատ սկսում ես մարդկանց արձագանքի մասին մտածել, քան քո: Դրա համար այս դեպքում ուղղակի կասեմ, որ այն, ինչ որ կա, ինձ երջանկացնում է: Բայց դա չի նշանակում, որ իմ կյանքում ինչ-որ մեկը կա:)

- Ինչպիսի՞ն ես պատկերացնում իդեալական հարաբերությունները, հիմքում, բացի նրանից, որ պետք է անմնացորդ սեր ու նվիրվածություն լինի, ուրիշ էլ ի՞նչ է պետք հարաբերություններն ամուր հիմքերի վրա դնելու համար:

- Առհասարակ, չեմ սիրում, երբ ինչ-որ տեղ իդեալական ինչ-որ բան է լինում: Ես չեմ սիրում իդեալական ասվածը: Եթե ինչ-որ բան իդեալական է, ուրեմն՝ այդտեղ ամեն ինչ ավարտված է գոնե ինձ համար: Կարող է տարօրինակ թվալ, բայց ես սիրում եմ, երբ կառուցելու ու աշխատելու բան կա, որովհետև զույգերը միշտ պետք է աշխատեն իրենք իրենց վրա: Դժվարանում եմ ասել՝ կոնկրետ ինչ հատկանիշներ պետք է ունենա տղամարդը, որպեսզի գրավի իմ ուշադրությունը, որովհետև ամեն անգամ, երբ ինչ-որ չափանիշներ եմ սահմանում ինձ համար, ստացվում է ճիշտ հակառակը, հանդիպում ու սիրահարվում եմ ինչ-որ մեկին, ով իմ իդեալի հակապատկերն է: Միակ բանը, որ վախենալով կնշեմ, տղամարդու խելքն է: Եթե նա խելացի է, բացարձակ կապ չունի տեսքը, նա ինձ համար ամենասեքսուալ տղամարդն է:

24177563_1551555548268624_2600036444944728064_n

- Անուշկա, դու տեսակով նվիրվո՞ղ մարդ ես:

- Երևի չափից շատ:

- Իսկ դա կյանքում հաճախ օգնո՞ւմ, թե՞ խանգարում է:

- Նայած դեպքում: Ես ունեմ նաև շատ լավ զարգացած ինտուիցիա ու չեմ նվիրվում այն մարդկանց, ովքեր արժանի չեն:

- Փաստորեն, քեզ հաջողվում է լավ մարդկանց ճանաչել:

- Ավելի շուտ՝ զգալ: Երբ որ չեմ լսում ինքս ինձ, սխալվում եմ ու հետո հասկանում, որ պետք չէր այդպես: Հիմա ավելի շատ եմ ուշադրություն դարձնում ներքին ձայնիս:

- Ինքդ քեզ հետ մենակ մնալու, ինքդ քեզ հաշվետվություն տալու կարիք հաճա՞խ ես զգում:

- Բավականին շատ: Պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ, դա՝ հաստատ: Հիմա այն փուլում եմ, որ աշխատում եմ կյանքումս ամեն ինչ բալանսի բերել, որովհետև ինձ մոտ մի բան կա՛մ շատ է լինում, կամ քիչ: Ուզում եմ կյանքս բալանսավորել:

 

 Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել