Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար տիար Մխիթար Հայրապետյանին, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

Վեհափառ Հայրապետը նորանշանակ նախարարին մաղթեց արդյունավետ աշխատանք կարևոր և պատասխանատու այդ հանձնառության մեջ:

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց անցնող տարիների ընթացքում նախարարության և Մայր Աթոռի կառույցների միջև ձևավորված սերտ գործակցությանը` համոզմամբ, որ տարբեր ծրագրերի շրջանակներում այն պիտի շարունակվի: Գարեգին Բ Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին, միշտ կամուրջ հանդիսանալով Հայաստանի և Սփյուռքի միջև, ջանացել է ազգային ինքնության ու հայապահպանությանն ուղղված ծրագրերով զորացնել աշխարհասփյուռ հայության կապը Հայրենիքի հետ և ամրապնդել միասնականության ոգին:

Իր հերթին Սփյուռքի նախարարը ներկայացրեց ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը` հատկապես առանձնացնելով հայպահպանությունն ու հայրենադարձությունը:

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ հիշյալ հարցերում չի պատկերացնում աշխատանքն առանց Հայ Եկեղեցու հետ համագործակցության:

Հանդիպմանը խոսվեց նաև 2018 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակման շրջանակներում իրականացվող ծրագրերի, ի մասնավորի Սփյուռքի տարբեր համայնքներից ակնկալվող հայ երիտասարդների այցելությունների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել