Tert.am-ը գրում է.

Չկա մի հարց, որը մենք պատրաստ չենք քննարկել, մենք լայնախոհ քաղաքական ուժ ենք, պատրաստ ենք մեր կարծիքները բանավեճերի, քննարկումների արդյունքում ներկայացնել ու պնդել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ընտրական օրենսգրքի» փոփոխությանը և ռեյտինգային համակարգի վերացմանը: Շարմազանովը շեշտեց, որ իրենք՝ որպես խորհրդարանական մեծամասնություն, պատրաստ են լսել կառուցողական առաջարկություններ:

«Երբ «Ընտրական օրենսգիրքը» կգա, փոփոխության առաջարկները կգան ԱԺ, կմտնեն հանձնաժողով, այս ընթացում մենք կիրականացնենք լսումներ, կիրականացնենք ներկուսակցական ու ներֆրակցիոն քննարկումներ, այդ քննարկումների արդյունքում կտանք վերջնական ու պաշտոնական դիրքորոշում: Կարծում եմ՝ որևէ կառավարության, ընդդիմության, իշխանության մենաշնորհը չէ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումը:

ԸՕ-ն կարևոր օրենսգիրք է, որի ընդունումն ու բարեփոխումը բխում է բոլորիս շահից։ Բայց մենք պետք լսենք բոլորի կարծիքները, կարծում եմ՝ նաև բազմաթիվ քննարկումներ կանենք, իսկ քննարկումների արդյունքում կընտրվի վերջնական տարբերակը»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ տեղյակ է՝ հասարակական սեկտորն արդեն իսկ լծվել է ԸՕ-ի մշակման գործընթացին, սակայն այս պահին տեսակետ ասելը ժամանակավրեպ է համարում, քանի որ նյութին մանրամասն չի տիրապետում: Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ «Ընտրական օրենսգրքով» մաքուր ռեյտինգային համակարգ չի ամրագրված, այլ համամասնականի տարածքային ցուցակ է, որը, ըստ նրա, խոչընդոտ չի եղել ընտրություններում որևէ դրական արդյունքի հասնելու համար: Նա նկատեց, որ վերոնշյալը ոչ միայն իր, այլև միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչների տեսակետն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել