Սահմանված կարգերը պահպանելու համար յուրաքանչյուր հասարակությունում գոյություն ունեն հատուկ կանոններ և սովորույթներ: Օրինակ՝ եվրոպացիների մոտ այդպիսի սովորույթներ են ծանոթներին բարևելը, ծառայության դիմաց շնորհակալություն հայտնելը և այլն: Սակայն այն ամենը, ինչը որոշ հասարակություններում սովորույթ է համարվում, մյուսների համար կարող է աբսուրդային կամ շոկային լինել:

Ողջույնի տարօրինակ ձևեր

Հատկանշական է, որ երկրի մեկուսացվածությունն օգնում է մեզ համար առավել «էկզոտիկ» արարողությունների ի հայտ գալուն: Այսպես, Նոր Գվինեայում բնակվող պապուասների համար ողջույնի ամենատարածված ձևը դիմացինի սեռական օրգանին դիպչելն է:

Տիբեթում ծանոթին հանդիպելիս, որպես ուրախության նշան, պարզում են բութ մատը և հպում լեզվին: Թաիթի կղզում իրար ողջունելով՝ տեղի բնակիչները փորձում են որքան հնարավոր է ցավոտ կերպով քերծել իրենք իրենց շնաձկան ատամով և գոռալ ցավից։ Ի դեպ, որքան բարձր գոռա, այնքան ավելի լավ: Ֆիլիպինների բնակիչների մի մասը դեմքով հպվում են թանկագին հյուրի ոտքին՝ այդպիսով ցույց տալով իրենց հարգանքը:

Սեղանի շուրջ արտասովոր պահվածք

Սեղանի շուրջ վարքագծի կանոնների հասկացությունը Եվրոպայի երկրներում ի հայտ է եկել միայն 17-րդ հարյուրամյակի սկզբին, և դրանք նախատեսված էին ազնվականների համար: Օրինակ՝ ոչ պատշաճ պահվածք էր համարվում ճաշից հետո ավելացած ոսկորները սեղանի տակ նետելը կամ սննդի մեջ թաթախված մատները լիզելը:

«Լավ վարքագծի կանոնների» մեջ, որոնք կազմել էր Ջորջ Վաշինգտոնը, ժամանակակից մարդու համար զավեշտալի կանոններ կային, ինչպիսիք էին ատամների հետ պատառաքաղով խաղալու արգելքը, սեղանի շուրջ մարմինը քորելը:

Մեր օրերում ևս գոյություն ունեն սեղանի շուրջ վարքագծի կանոններ, որոնք շատերին զարմանալի են թվում: Օրինակ՝ Ճապոնիայի բնակիչների համար լապշան «աղմկոտ» կերպով ուտելը հարգանքի նշան է: Սննդի մնացորդները բերանի և մատների վրա ևս լավ ճաշի խորհրդանիշ են, իսկ, որպես ապացույց, վերջում հարկավոր է այդ մնացորդները մաքրել սփռոցով:

Կորեայում քթից դուրս եկող «ծուխն» ու արցունքները, որոնք առաջանում են կծու ուտեստ համտեսելիս, տանտիրոջ համար հաճոյախոսություն են համարվում: Իսկ Պորտուգալիայի ռեստորաններում լրացուցիչ բաժին ուտեստ պատվիրելը կարող է վիրավորել դիմացինին, քանի որ, ըստ նրանց, այդպես Դուք ի ցույց եք դնում Ձեր կասկածը խոհարարի մասնագիտական հմտությունների վերաբերյալ: Ապացույցն այն բանի, որ հյուրն իր ճաշակածից գոհ է, արևելյան շատ երկրներում համարվում է «բխկոցը», որը տանտերերը կրկին որպես հաճոյախոսություն են ընդունում:

Արտասովոր հարսանեկան արարողություններ

Շատ ազգերի համար հարսանեկան տարատեսակ ծիսակատարություններ անելը կարևոր է, քանի որ հետագայում դրանք օգնում են նորապսակներին երջանիկ կյանք վարել: Սակայն այդպիսի որոշ ծիսակատարություններ կզարմացնեն Ձեզ:

Մալայզիայում հարսանիքին նախորդող երեք օրերի ընթացքում զույգը չպետք է լվացվի, խմի, ուտի: Բորնեոյի բնակիչների համար առավել բարդ է ամուսնանալը. նրանց արգելված է ամուսնական արարողությանը նախորդող երեք օրերի ընթացքում զուգարան գնալ, որպեսզի նրանց ամուսնական կյանքը խաղաղ ընթանա:

Շոտլանդացիները հարսանիքից առաջ հարսին կեղտով են պատում: Իսկ Շվեդիայի կանայք չեն կարող ամուսնանալ առանց հղիանալու, քանի որ այդպիսով նրանք հաստատում են իրենց՝ երեխա ունենալու կարողությունը:

Աֆրիկական ցեղերից մեկում ապագա փեսան պետք է հարսի՝ մահակներով զինված հարազատներին հաղթի, որպեսզի համարվի, որ նա պատրաստ է ընտանեկան կյանքին:

«Ոչ հիգիենիկ» կենսակերպ

Միջին դարերում մարդիկ չէին հետևում իրենց մարմնի հիգիենային: Տարվա ընթացքում նրանք երկու անգամ էին լողանում՝ բոլոր բարեկամներով հերթ կանգնելով: Բնականաբար, այս երևույթը հաճախ բացասական ազդեցություն էր ունենում մարդկանց առողջության վրա: Հենց այս պատճառով էլ մարմնի տհաճ հոտը նրանք փորձում էին քողարկել՝ մեծ քանակությամբ օծանելիք օգտագործելով: Ավելի հին ժամանակներում մարդիկ լվացվում էին ոչ թե սեփական հիգիենայի պահպանման համար, այլ կրոնական նպատակներով, օրինակ՝ մկրտության ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել