Գոհար Հարությունյանի դուստրը՝ Բիայնան, վերջերս նորաձևության ցուցադրության է մասնակցել, որտեղ քայլել է պոդիումի վրա: Ինչպես BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Գոհարը, դուստրը էլի փորձ ունեցել է․ մի անգամ իր հետ քայլել է Վահան Խաչատրյանի ցուցադրության ժամանակ: 

«Բացարձակ ոչ մի փորձ չենք արել, ես պարզապես նրան ուղարկել եմ ցուցադրության: Նա մի քիչ ծուռթաթի նման է քայլում, ես մտածում էի՝ հիմա դուրս կգա և կձախողվի, քանի որ ես ժամանակ չեմ ունեցել նրա հետ զբաղվելու: Առհասարակ, Բիայնային ինչ-որ մի բանի վրա կենտրոնացնելը շատ դժվար է: Նրան մի քիչ շպարել էին՝ փոքրիկ փայլ էին արել և սևաներկ քսել: Իհարկե, ես չեմ սիրում, բայց բավականին նուրբ էր արված: Երբ դուրս եկավ, ես նրան չճանաչեցի, քանի որ աչքիս այնքան բարձրահասակ թվաց, կարծես ուրիշ երեխա լիներ: Շատ էի ուրախացել, դուրս շատ եկավ»,- պատմում է Գոհարը: 

Գոհարի խոսքով՝ նա աղջկան չի պարտադրել ցուցադրությանը մասնակցել, բայց նրա հետ քննարկել է. «Օրինակ՝ ես մեծ աղջկաս էլ՝ Մելինեին էլ ասացի՝ դու ընտրիր՝ ուզում ես ցուցադրությանը մասնակցել, թե՞ ուզում ես գնալ ընկերուհուդ տարեդարձին: Նա նախընտրեց ընկերուհու տարեդարձը, հատկապես որ ձեռքը կոտրել էր, և գիպսի մեջ էր: Ես իրականում որոշումը թողնում եմ նրանց։ Օրինակ՝ եղել է, երբ առաջարկը ստացել ենք, բայց հրաժարվել են և չեն մասնակցել: Իմ աղջիկները իհարկե չունեն բարդույթներ, բայց կան երեխաներ որոնք ունեն, և նման միջոցառումները հնարավորություն են տալիս ազատվելու բարդույթներից: Իհարկե, պետք է լուրջ չընդունել այս ամենը, բայց կան մայրեր, ովքեր շատ են սրտին մոտ ընդունում՝ քանի զգեստով դուրս եկավ, վատ քայլեց, անդադար պարապում են․․․ Ինձ համար դա մանկական ցուցադրություն է, և պարտադիր չէ, որ երեխան ամեն ինչ ճիշտ անի»:

Պարզվում է՝ Բիայնան շատ է սիրում նման միջոցառումներ, նրան անգամ ոգևորում են փոքրիկ նվերները և ընկերների հետ շփումը. «Անցած անգամ նվեր էր ստացել և քույրիկին էր նվիրել: Միգուցե դա էլ է գայթակղում երեխային, բայց, անկախ դրանից, կրկին կգնար, քանի որ մյուս երեխաների հետ անընդհատ շփվել էր: Նրան դուր է եկել: Վերջերս ձեր հունիսմեկյան ֆոտոշարքում հայտնի տղայի հետ էր նկարվել, նրա ընկերները տեսել էին ու հավանել, շատ էին ասում, որ գեղեցիկ է: Նա շատ էր շոյվել այդ փաստից»:

Ցուցադարությանը ներկա էր նաև Գոհարի ամուսինը, և որդին, ով, ի դեպ, փորձում էր խանգարել Բիայնային. «Ոտքով ուզում էր հարվածել և մի պահ շեղեց Բիայնային: Նա պարզապես ուզում էր բոլորին ցույց տալ, որ իր քույրիկն է. մի տեսակ հպարտություն էր զգում»:

Գոհարը ողջունում է նման միջոցառումների առկայությունը, ինչպես ասում է, որ այն նպաստում է Հայաստանում նորաձևության զարգացմանը. «Հայաստանում նորաձևությունը թերզարգացած է՝ համեմատած թեկուզ Վրաստանի հետ: Նորաձևության և գեղեցկության մրցույթները շատ-շատ աշխատելու տեղ ունեն: Այսպիսի փոքր քայլերով է, որ կարելի է զարգացնել: Շատ կարևոր է, որ մեր աղջիկները, ովքեր անցումային շրջանում բարդույթներ ունեն, մասնակցեն նման միջոցառումների: Առհասարակ, հասարակությունն աղջիկներին դաստիարակում է որպես ծառա, իսկ տղաներին՝ թագավոր ասելով մեծարում: Դա շատ սխալ է, պետք է ընտանիքներում հակառակը լինի․ աղջիկներն են արքայադուստր, տղաները՝ ծառա: Եթե այդ մտածելակերպը փոխվի, ավելի առողջ հասարակություն կլինի, հետագայում այդ աղջիկներին ավելի կհարգեն»:

 Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել