168.am-ը գրում է

Իտալացիները ծերանում են եւ ավելի ու ավելի միայնակ դառնում. խա է Վիճակագրության ազգային ինստիտուտի (Istat) ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ ամենամյա զեկույցի գլխավոր եզրակացություններից մեկը, որը հրապարակվել է մայիսի 16-ին:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր 100 երիտասարդ իտալացու ներկայում բաժին է ընկնում 168,7 տարեց քաղաքացի, ինչը բնակչության ծերացման ցուցանիշով երկիրն աշխարհում դուրս է բերում երկրորդ տեղը: Դրա հետ մեկտեղ ավելի ու ավելի նկատելի է դառնում սոցիալական մենակության ֆենոմենը, որն առավել խիստ է ազդում ծերերի կյանքի վրա: Այսպես, փորձագետների տվյալներով՝ միայնակ տարեցներն օրական տասական եւ ավելի ժամ են անցկացնում առանց այլ մարդկանց հետ որեւէ շփման:

Նաեւ ուշագրավ է, որ Իտալիայի քաղաքացիների ավելի քան 17 տոկոսը գործնականում իրենց ամբողջությամբ զրկված են զգում որեւիցե սոցիալական աջակցությունից: Այսպիսի իրադրություն է դիտվում Իտալիայի բնակչության թվաքանակի՝ արդեն իններորդ տարին անընդմեջ շարունակվող կրճատման ֆոնին: Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ երկրում ապրում էր 60,5 միլիոնից փոքր-ինչ պակաս մարդ, այդ թվում՝ 5,6 մլն օտարերկրացիներ: Վերջին մեկ տարվա ընթացքում երկրի բնակչությունը նվազել է միանգամից 85 հազար մարդով: Բնակչության ծերացման միտումը հաստատում է նաեւ ծնելիության ռեկորդային անկումը, որն Ապենիններում գրանցվել է անցյալ տարի:

Դեռ փետրվար ամսին Istat-ը հայտնել էր, որ ծնելիության մակարդակը հասել է պատմական նվազագույնին՝ սկսած 1861 թվականին միասնական իտալական պետության ձեւավորման պահից: 2017 թվականին նորածինների թիվը կազմել է ընդամենը 464 հազար: Istat-ի ներկայիս զեկույցը արձանագրում է «սոցիալական վերելակների» գործնականում լիակատար արգելափակումը ժամանակակից իտալական հասարակության մեջ: Երիտասարդների միայն 18,5 տոկոսին է հաջողվում բարձրագույն կրթություն ստանալ ինքնուրույն, առանց ազգականների ու ծանոթների օգնության, իսկ երբ խոսքը վերաբերում է բարձր որակավորում ունեցող աշխատանք ստանալուն, այդ ցուցանիշը նվազում Է մինչեւ 15 տոկոս:

Ընդհանուր առմամբ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ իտալացիների ավելի քան 47 տոկոսը աշխատատեղ է ստանում՝ օգտագործելով «ոչ պաշտոնական ուղիներ»: Istat-ը նաեւ ուշադրություն է դարձնում այն նկատելի փոփոխությունների վրա, որոնք վերջին տասը տարվա ընթացքում տեղի են ունեցել աշխատաշուկայում: Այսպես, այդ ժամանակաշրջանում ձեռքի աշխատանքի բաժինն զգալիորեն նվազել է, ինչը հանգեցրել է մոտավորապես 1 միլիոնով բանվորների ու արհեստավորների թվի կրճատման: Միաժամանակ Ապենիններում առեւտրի ու ծառայությունների ոլորտում զբաղված քաղաքացիների թվաքանակը մեծացել է ավելի քան 860 հազարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել