168.am-ը գրում է․

Խորհուրդ 1

Պետք չէ երեխաներին մինչև դպրոց գնալը որևէ բանով ծանրաբեռնել: Ոչ մի շախմատ, օտար լեզուներ և այլ ինտելեկտուալ զարգացում: Մինչև 6-7 տարեկանը երեխայի ուղեղը ֆիզիոլոգիապես պատրաստ չէ ընդունել ինֆորմացիայի մեծ ծավալներ:

Խորհուրդ 2

Առաջին դասարանցու համար զիլ դպրոց մի փնտրեք: Տարրական դպրոցում երեխայի համար կարևորը հոգեբանական հարմարավետությունն է: Այդ պատճառով էլ ընտրեք տանը մոտ գտնվող նորմալ դպրոց: Երեխան ժամանակ ու ուժեր չի վատնի ճանապարհի վրա, և նրա համար ավելի հեշտ կլինի հարաբերություններ ձևավորել համադասարանցիների հետ, եթե նրանք ապրում են հարևանությամբ:

Խորհուրդ 3

Առաջին ուսուցչուհին ոչ թե ուժեղ պետք է լինի, այլ բարի: Ձեզ պարզապես ադեկվատ կին է պետք, ով սիրում է երեխաներին ու դպրոցում աշխատում է` հավատարիմ իր կոչմանը: Դրա համար ընտրված դպրոցի մոտ գնացեք գարնանն ու ծնողներին տարրական ավարտական դասարան ունեցող ուսուցիչներին հարցուփորձ արեք:

Խորհուրդ 4

Դպրոցը ձեր երեխայի պատասխանատվությունն է, այլ ոչ թե՝ ձերը: Կարող եք արձակուրդ վերցնել երեխայի` առաջին դասարան հաճախելու առաջին 2 շաբաթների ընթացքում, իսկ հետո ավելի լավ է երեխայի հետ պայմանավորվել այսպես` ինձ չի անհանգստացնում քո դպրոցը, քեզ չեմ անհանգստացնում ես:

Խորհուրդ 5

Դադարեք հարցեր տալ դասերի մասին ու արձագանքել գնահատականներին: Թող դպրոցի թեման ձեզ համար տաբու լինի: Եթե երեխան ուզում է, խոսեք նրա հետ, եթե ոչ` պետք չէ հարցաքննել` ինչ կա դպրոցում, և այլն:

Խորհուրդ 6

Երեխայի հետ դասեր անել պետք չէ, պայուսակ հավաքել պետք չէ, համազգեստը ստուգել պետք չէ: Մտածեք ձեր մասին: Չէ՞ որ ձեր երեխան հետո պետք է ապրի ձեզ հետ ու կերակրի: Իսկ եթե դուք ամեն բան նրա փոխարեն անեք, ապա դրա հետ կապված լուրջ խնդիրներ կունենաք:

Խորհուրդ 7

Իհարկե, դուք կարող եք օգնել ձեր երեխային: Այստեղ սկզբունքային պահ է, թե ով է առաջինը սկսել: Պետք է սկսի երեխան: Նա պետք է հարցնի` մայրիկ, ես այս մասը չեմ հասկանում, այլ ոչ թե՝ դուք մոտենաք ու հարցնեք, թե արդյո՞ք ամեն ինչ նորմալ է: Եթե նա ոչինչ չի խնդրում, ուրեմն նրա մոտ ամեն ինչ նորմալ է:

Խորհուրդ 8

Եթե ուսուցիչը չի սիրում ձեր երեխային, խնդիրը պետք է լուծել: Փորձեք նախ խոսել ուսուցչի հետ, ապա՝ տնօրենի, իսկ եթե չստացվի, դիմեք ավելի բարձր օղակներին: Կարելի է տեղափոխել այլ դասարան և անգամ դպրոցը փոխել, բայց ոչ մի կերպ չի կարելի երեխային երկար ժամանակով թողնել պերմանենտ սթրեսի վիճակում:

Խորհուրդ 9

Պուբերտատը ձեր երեխայի կյանքի ամենաբարդ շրջանն է: Այն սկսվում է մոտավորապես 12-14 տարեկանից ու ձգվում մինչև 15-16 տարեկանը: Սա բարդ հոգեբանական ու ֆիզիկական փոփոխությունների ժամանակն է: Այստեղից էլ գալիս են հորմոնալ դիսբալանսը, հոգեբանական խնդիրներն ու հոգնածությունը: Ընդ որում, հենց այդ տարիքում է երեխան ստիպված լինում նախ՝ հանձնել ավարտական դպրոցական քննություններ, ապա՝ միասնական:

Այո, նա կարող է սկսել վատ սովորել, միանգամից նվազեցնել առաջադիմության ցուցանիշները: Իմ խորհուրդը հետևյալն է: Եթե դուք չեք ուզում կոնֆլիկտներ ու բարդ խնդիրներ ունենալ ձեր երեխայի հետ, ներառյալ՝ սուիցիդալ փորձերը, պարզապես հանգիստ թողեք նրան: Ձեր խնդիրն այդ ժամանակահատվածը հնարավորինս արագ ու հանգիստ անցնելն է, որպեսզի այդ սարսափն անհետանա:

Խորհուրդ 10

Չի կարելի բացեիբաց դպրոցի հետ կոնֆլիկտի մեջ մտնել: Ամենայն հավանականությամբ, դուք կպարտվեք: Երբ ձեզ հրավիրում են զրուցելու ու խոսում ուժեղ դպրոցի, բարդ ուսումնական ծրագրի ու երեխայի լրացուցիչ պարապմունքների անհրաժեշտության մասին, մի վիճեք: Համաձայնեք ու շարունակեք անել այնպես, ինչպես հարմար եք գտնում:

Խորհուրդ 11

Պարտադիր չէ երեխայի տաղանդները հատուկ զարգացնել ու իրացնել, եթե երեխան ինքը դա չի ուզում: Տաղանդն ուրախություն պետք է պարգևի. այն օգտագործելու համար չէ: Պետք չէ լարվել, մանկավարժներ փնտրել ու սպասել, թե դրանից ինչ դուրս կգա: Հաճախ ոչինչ էլ դուրս չի գալիս, և դրա մեջ ոչ մի ողբերգական բան չկա:

Խորհուրդ 12

Ամենագլխավորը, սովորեք ձեր երեխային ընդունել՝ ոչինչ չսպասելով նրանից: Կարևոր չէ, թե նա ինչպես է սովորում ու իրեն ինչպես է պահում: Սիրեք նրան այնպիսին, ինչպիսին նա կա: Այո, 15 տարեկանում ավելի դժվար է, քան 5 տարեկանում: Սակայն երեխան ձեզ չպետք է վանի, իսկ դրա համար դուք նախ և առաջ պետք է սիրեք ինքներդ ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել