operativ.am-ը գրում է

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Սարգիս Պ.-ի գործի դատական քննությունը:

Հանցավոր արարքի կատարման պահին Սարգիս Պ.-ն անչափահաս էր՝ 17 տարեկան: Նրան մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-ին, ժամը 20-ի սահմաններում Արարատի մարզի գյուղերից մեկում 17-ամյա Սարգիսը հանդիպել ու վիճել է անչափահաս Ռուբենի հետ:

Երբ վիճաբանության ժամանակ Ռուբենը բռունցքով հարվածել է Սարգսի դեմքին, վերջինս բռունցքով նախ հարվածել է Ռուբենի գլխին, ապա գետնից վերցրել է մոտ 40 սմ երկարությամբ, 3 սմ տրամագծով, անհարթություններ ունեցող ճյուղ ու դրանով մեկ անգամ հարվածել է Ռուբենի գլխի գագաթային հատվածին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ փակ գանգուղեղային վնասվածքի, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդի, գագաթոսկրի բեկորային կոտրվածքի և էպիդուրալ հեմատոմայի ձևով:

Առաջադրված մեղադրանքում Սարգիս Պ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ աշխատում է որպես բանվոր: Տուժող Ռուբենին ճանաչում է երկար տարիներ՝ համագյուղացիներ են: Սկզբում իրենց հարաբերությունները նորմալ էին, բայց հետո իրենք վիճել են ու չէին շփվում, նույնիսկ իրար հանդիպելիս չէին բարևում:

Դեպքի օրը՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-ին, ժամը 20-ի սահմաններում իր ընկեր Գերասիմի հետ գնացել էր կանգառ՝ հորեղբոր տղային դիմավորելու: Տուն վերադառնալու ճանապարհին տեսել է իրեն հանդիման եկող Ռուբենին: Նա իրենց հասնելով՝ բարևել է: Ինքը վրդովվել է դրանից, նրան կանչել ու հարցրել է՝ ինչո՞ւ բարևեց, չէ՞ որ իրենք խռով են, իրար չեն բարևում: Ռուբենն ասել է. «Բարևն Աստծունն է»:

Այդ պատասխանը Սարգսին չի բավարարել, նա Ռուբենի հետ փոքր-ինչ հեռացել է, որ առանձին խոսեն: Խոսակցությունն արագ վերաճել է վիճաբանության, Ռուբենը մեկ անգամ բռունցքով հարվածել է Սարգսի դեմքին:

Ըստ Սարգսի՝ այդ հարվածից ինքն ավելի է զայրացել, բռունցքով մեկ անգամ խփել է Ռուբենի գլխին, հետո գետնից վերցրել է կլորավուն, վրան՝ անհարթություններ ունեցող ճյուղ ու դրանով հարվածել է Ռուբենի գլխի գագաթին:

Նույն պահին տղաները մոտեցել, իրենց բաժանել են: Ռուբենը հեռացել է, իրենք գնացել են տուն: Ինքը ծառի ճյուղը դեն է նետել:

Հաջորդ օրն իմացել է, որ Ռուբենին տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Սարգիսը զղջացել է կատարածի համար:

Անչափահաս տուժող Ռուբեն Խ.-ն հայտնել է, որ սովորում է քոլեջում: Սարգսի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել մինչև 2016 թվականը: Հետո վիճել, իրարից խռովել են ու իրար հետ չեն շփվել:

Դեպքի օրն ինքը գյուղի փողոցում պատահաբար հանդիպել է Սարգսին երկու տղաների հետ: Նրանց հասնելով՝ ինքը բարևել է: Սարգիսը կանչել է իրեն ու հարցրել է, թե ինչո՞ւ բարևեց, չէ՞ որ խռով են: Ինքն ասել է՝ բարևն Աստծունն է: Իրենք առանձնացել են՝ խոսելու, բայց վիճաբանություն է առաջացել: Ինքը զայրացել ու բռունցքով մեկ անգամ հարվածել է Սարգսի դեմքին:

Դրանից հետո Սարգիսը բռունցքով խփել է իր գլխին: Ապա ինքը չի հակսացել՝ ինչ է կատարվել, միայն շատ ուժեղ ցավ է զգացել գլխի հատվածում: Իրենց են մոտեցել տղաներ, բաժանել են, ինքը գնացել է տուն, իսկ հաջորդ օրն արթնացել է հիվանդանոցում:

Տուժողը հայտնել է, թե հաշտվել է ամբաստանյալի հետ, բողոք, պահանջ չունի:

Ռուբենի հայրը հայտնել է, որ դեպքի օրն ինքը աշխատանքից տուն է եկել, որդուն ուղարկել է խանութ՝ հաց գնելու: Մոտ կես ժամ անց լսել է կնոջ ձայնը: Դուրս է եկել բակ ու տեսել է, որ կինը գրկել է որդուն, իսկ Ռուբենը անգիտակից վիճակում բակում ընկած է: Անմիջապես որդուն տեղափոխել է Մասիսի հիվանդանոց, այնտեղից՝ Երևան: Հաջորդ օրն է իմացել, որ Ռուբենը վիճել է համագյուղացի տղայի հետ, վերջինս փայտով խփել է Ռուբենի գլխին:

Դատարանը հաշվի է առել Սարգիս Պ.-ի ընտանեկան վիճակը՝ բարվոք ընտանիքից է, հայրը համեստ, աշխատասեր մարդ է, մայրն ուսուցչուհի է, եղբայրը սովորում է բժշկական համալսարանում, իսկ Սարգիսը սովորել է Մ. Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, բայց հետո աշխատանքի է անցել որպես բանվոր:

Դատարանը Սարգիս Պ.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել է 2 տարի փորձաշրջան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել