Կրկին անգամ տեսնենք, թե ինչպես են քայքայում աղանդները մեր ազգային միասնականությունը։։ Նյութը հրատարակվել է «ԻՐԱՎՈՒՆՔ» թերում 

«ՍԱՏԱՆԱՆ «ԲԱԺԱՆԻՐ ԵՎ ՏԻՐԻՐ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ Է ԳՈՐԾՈՒՄ»

Ամիսներ շարունակ դատարանում ընթանում է մի դատավարություն, որի ընթացքում «Կյանքի խոսք» կրոնական աղանդը փորձում է պատժել, լռեցնել եւ վախեցնել «Իրավունք» թերթին, նրա թիկունքում կանգնած ՍԻՄ կուսակցությանը եւ, ի վերջո, բոլոր այն հայերին, ովքեր ունեն ազգային մտածելակերպ եւ խիստ անհանգստացած են մեր ազգի հոգեւոր ոլորտը պառակտողների, բաժան-բաժան անողների եւ օտարների կամքին ծառայեցնողների գործունեությամբ:

ՌՅԱԽՈՎՍԿԻՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

Օրերս պարզվել է, որ «Կյանքի խոսքը» «Իրավունքի» վրա Ռուսաստանից «տղա է բերել»: Այսինքն՝ դատարան է ներկայացրել Ռուսաստանի հոգեգալստականների առաջնորդ Սերգեյ Ռյախովսկու մեկնաբանությունները վերոհիշյալ դատավարության առնչությամբ: Սակայն ինչպես Ռյախովսկու դատողությունները, այնպես էլ նրա կողմից ստորագրած եւ կնքված որոշ փաստաթղթեր նոր լույս են սփռում «Կյանքի խոսքի» հայաստանյան գործունեության վրա: Նախ նշենք, որ Ռյախովսկին, որը «Կյանքի խոսքի» երեւանյան կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանի վերադասն է, վերջինիս տվել է տեղեկանք, որով հաստատում է, որ Արթուր Սիմոնյանը, իրենց «կանոնական կարգերի համաձայն ձեռնադրված հոգեւոր սպասավոր է» եւ հանդիսանում է «Ավետարանական հավատքի քրիստոնյաների (հոգեգալստականների) ռուսաստանյան միավորված միության ավագ եպիսկոպոսի (այսինքն` իր` Ռյախովսկու- խմբ.) պաշտոնական խորհրդականն ու լիազոր ներկայացուցիչը Հայաստանում» Մի խոսքով, Սիմոնյանը Ռյախովսկու լիազոր ներկայացուցիչն է: Ինչքանո՞վ է ճիշտ, որ հայաստանյան կրոնական` իմա հոգեւոր առաքելություն ունեցող, կազմակերպության ղեկավարը հանդիսանում է օտար պետության կրոնական կազմակերպության ղեկավարի ներկայացուցիչ: Վստահաբար դրա համար չէ, որ մեր նախնիները ինքնազոհաբար պայքարում էին հանուն կրոնական անկախության: Նրանք առաջնորդվում էին աստվածաշնչյան այն սկզբունքով, որ` «օտարախառը լծին մի խոնարվեք»: Սակայն դա թողնենք Երեւանի «Կյանքի խոսքի» ավագ հովվի խղճին եւ անցնենք իր վերադաս Ռյախովսկու «փառահեղ» մտքերին, որոնք, ի վերջո, վիրավորում են մեզ` հայերիս, մեր Առաքելական եկեղեցին ու մեր պետությունը: 
Նախ նշենք, որ Ռյախովսկին Արեւմուտքի տնտեսական զարգացումը կապում է բացառապես բողոքականության հետ. «Արեւմուտքի տնտեսական, հասարակական եւ սոցիալական կառույցները զարգացել են այն պատճառով, որ կա բողոքականության էթիկա»: Այսինքն՝ պետք է հասկանալ, որ ըստ Ռյախովսկու, ոչ բողոքական ազգերի եկեղեցիները խոչընդոտում են այդ երկրների տնտեսական զարգացումը: Իսկ քանի որ Ռյախովսկու խոսքն ուղղակիորեն ուղղված է հայ լսարանին, ապա տվյալ դեպքում ակնարկվում է, որ մեր Առաքելական եկեղեցին արգելակում է Հայաստանի տնտեսական, հասարակական եւ սոցիալական կառույցների զարգացման տեմպերը: Ավելին, օտարերկրյա քարոզիչը պնդում է, որ «Ավետարանական եկեղեցին անխտիր բոլոր պետությունների զարդն է»: Այսպիսով, Ռյախովսկին «Կյանքի խոսք» աղանդը հավասարեցնում է, իսկ գուցե նաեւ վեր է դնում ոչ միայն Հայ առաքելական եկեղեցուց, այլ նաեւ Հայաստանի զարդը հանդիսացող մեր ավանդական բոլոր արժեքներից:
Իր խոսքում ռուս (ավելի ճիշտ կլինի ասել ռուսաստանցի) հոգեգալստականը պնդում է, որ Երեւանի «Կյանքի խոսքը» առաջարկում է «այլընտրանք անօրինականությանը»: Ի՞նչ այլընտրանքի եւ ի՞նչ անօրինականության մասին է խոսքը: Այն, որ «Կյանքի խոսքը» այլընտրանք է Հայ առաքելական եկեղեցուն, հայտնի է: Ստացվում է, որ մեր ազգային եկեղեցուն է վիրավորում դրսի աղանդավորը անվանելով նրան «անօրինականություն»: 
Սրանով Հայ առաքելական եկեղեցուն ուղղված վիրավորանքների շարքը չի սահմանափակվում: Արթուր Սիմոնյանի շեֆը նշում է, որ երբ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները (այսինքն` տվյալ դեպքում մենք` ՍԻՄ-ականներս) աղանդավոր ենք անվանում (ընդգծեմ` ոչ վիրավորելու նպատակով) «Կյանքի խոսքի» անդամներին «սա առաջին հերթին խոսում է այդ տիտղոսակիր ավանդական եկեղեցիների եւ հարանվանությունների տկարության մասին»: Այսինքն՝ աղանդավորները ցանկացած պատրվակ օգտագործում են մեր եկեղեցին «տկար» անվանելու համար:
Ռյախովսկին պնդում է նաեւ, որ հայ ազգային եկեղեցին շեղվել է սկզբնաղբյուրից, իսկ իրենց ուսմունքը իբր բխում է այդ ակունքներից. «Ի՞նչ է ժամանակակից ավետարանականությունը: Դա սկզբին վերադառնալու փորձ է»: Այսպիսով, երեւանյան «Կյանքի խոսքը» եւ նրա արտասահմանյան ղեկավարությունը չեն էլ թաքցնում Հայ առաքելական եկեղեցու դեմ վիրավորական եւ արհամարհական վերաբերմունքը: Դրանով իսկ վիրավորում են միլիոնավոր հայերի կրոնական զգացմունքները, խղճի ազատությունը: Եկել է պահը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պաշտպանի բնակչության ճնշող մեծամասնության կրոնական զգացմունքներն ու իրավունքները: Պետք է արգելել ագրեսիվ աղանդներին, վիրավորել Հայաստանի տիտուլային ազգի կրոնական զգացմունքները, եւ նման արարքները դիտել որպես քրեորեն պատժելի հանցանք՝ անհարգալից վերաբերմունք ազգի եւ հասարակության հանդեպ:

ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԱՆԴԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՆԵՐՔՈ

Սակայն միլիոնավոր հայերի խղճի ազատության ոտնահարումով «Կյանքի խոսքը» չի սահմանափակվում: Մենք ի սկզբանե հայտարարում ենք, որ տոտալիտար աղանդները փորձում են Հայաստանում ոչնչացնել ազատ մամուլի, կարծիքի, խոսքի, արտահայտվելու սահմանադրական իրավունքը: Դա հաստատում է նաեւ վերոհիշյալ Ռյախովսկին, հայտարարելով, որ ռուսաստանյան մամուլը վախենում է իրենցից. «Եթե մեր մասին սկսում են գրել մամուլում,... մեր մասին արդեն վախենում են գրել,...»: Ահա այս վախն է, որը փորձում է իրենց հանդեպ սերմանել «Կյանքի խոսքը», ահա այս նպատակն է հետապնդում այդ կազմակերպությունը` փակել մամուլի բերանը: Հայաստանի Հանրապետությունում մեծագույն նվաճումներից մեկն է մամուլի ազատությունը: Կոմունիստական տոտալիտար ժամանակաշրջանից հետո մեզնից պահանջվեցին մեծ ջանքեր, մամուլի ազատություն ձեռք բերելու համար: Սակայն ի հայտ են գալիս կազմակերպություններ, որոնք ղեկավարվելով դրսից, նպատակ են դրել անել այնպես, որ մամուլն ունենա արգելված թեմաներ, որ լրագրողը ՎԱԽԵՆԱ գրել այս կամ այն կազմակերպության մասին: Վտանգի տակ է Սահմանադրության եւ Անկախության մասին հռչակագրի առանցքային կետերից մեկը` մամուլի ազատությունը: Եվ այստեղ նույնպես անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանի իր մամուլը, նրան վախեցնել ցանկացողներից:
Տոտալիտար մտածելակերպ է դրսեւորում «Կյանքի խոսքի» պաշտպան Ռյախովսկին, երբ իր կարծիքը չկիսող մամուլին սկսում է պիտակավորել, որպես «դեղին», «սկանդալային» եւ այլն: Խոսելով իրենց հետ ոչ համամիտ հասարակական գործիչների ու ԶԼՄ-ների մասին, սույն «աստվածապաշտը» օգտագործում է համեմատություններ սատանայի հետ, պնդում, որ ԶԼՄ-ները «թունավորում» են հասարակական կարծիքը, թափում են «դեղնավուն կեղտ» եւ որ «ինչ-որ վաճառվում է՝ ընդունելի է նրանց համար»: Ահա այսպես հետեւողականորեն Ռյախովսկին եւ իր հովանավորյալները երեւանյան «Կյանքի խոսքից» սերմանում են անհանդուրժողականություն, ատելություն, թշնամանք ազատ մամուլի հանդեպ: Սա՞ է Ռյախովսկու քրիստոնեական հանդուրժողականության դրսեւորումը: Ինչի՞ կարող է հանգեցնել այսօրինակ ՙքարոզը՚ լրատվամիջոցների դեմ: Չեմ զարմանա, որ հայտնվեն կրոնական ֆանատիկոսներ, ովքեր ոտնձգությունների կդիմեն լրագրողների, հասարակական գործիչների դեմ: Իսկ գուցե լրագրողների վրա հարձակումների այն բազմաթիվ չբացահայտված դեպքերի արմատը հենց այսպիսի ռյախովսկիների քարոզնե՞րն են...
Ակնհայտ է, որ մենք գործ ունենք ոչ միայն աղանդի, այլ հենց տոտալիտար աղանդի հետ, որի քարոզիչները ահաբեկչական հարձակումներ են գործում իրենց հետ ոչ համակարծիք ազատ մամուլի դեմ: 

ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԵՄ ԱԶԳԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ

Եվ վերջապես ազգի պառակտման մասին: Դարեր շարունակ մեր ազգի թշնամիները նպատակ են ունեցել հոգեւոր ոլորտում ազգը բաժանել տարբեր հատվածների, այդ հատվածները ենթարկեցնել օտար հոգեւոր կենտրոնների ու առաջնորդների: Միայն ու միայն նրա շնորհիվ, որ մենք` հայերս, ստեղծեցինք ու պահպանեցինք մեր ազգային կրոնական կառույցը` Հայ առաքելական եկեղեցին, մեզ հաջողվեց ոչ միայն դիմակայել մահմեդական արշավանքներին, այլեւ չձուլվել մեզ բազմակի անգամ թվաքանակով գերազանցող քրիստոնեական ազգերի մեջ: Եվ ահա այսօր մենք ունենք ազգի միասնության հանդեպ նոր մարտահրավերներ, մեր գաղափարական հակառակորդ Ռյախովսկին խոստովանում է, որ աղանդավորները նրանք են, ովքեր մասնատում են ազգի միասնությունը. «Ի վերջո պետք է հիշել, որ երբ քրիստոնեությունը ծնվեց Իսրայելում, որտեղ գերակշռող կրոնը եղել է հուդաիզմը, այն ժամանակ քրիստոնեությունն աղանդ էին անվանում: Այդպես անվանում էին նրանք, ովքեր համարում էին, որ այն մասնատում է հուդաիզմը, մասնատում է ազգի միաբանությունը»: Այո, հենց ազգի միաբանությունը մասնատելու առումով մենք աղանդ ենք համարում բոլոր նրանց, ովքեր դեմ են դուրս գալիս Հայ առաքելական եկեղեցուն, քանի որ ազգային միաբանությունը հայերիս մոտ հոգեւոր աշխարհում դրսեւորվում է հենց մեր ազգային եկեղեցով: Ռյախովսկին պնդում է, որ «սատանան «բաժանիր եւ տիրիր» սկզբունքով է գործում»: Այո, հայ ազգին փորձում են սատանայաբար բաժանել մասերի եւ հակադրել իրար դեմ: Ավելին, այդ բաժանված մասերը ենթարկվում են օտար կենտրոնների, օտար առաջնորդների, օտար գաղափարների եւ օտար արժեքների: Մեր թշնամիներին դուր չի գալիս, որ հայերը ունեն իրենց սեփական եկեղեցին եւ սեփական հոգեւոր կենտրոնը: Ըստ Ռյախովսկու, «սատանան մասերի է բաժանում քրիստոնեությունը, սեկտորների, սեկտաների (աղանդների): Սատանայի համար Հայ առաքելական եկեղեցին աղանդ է, Ռուս ուղղափառ եկեղեցին աղանդ է, մենք նրա համար աղանդ ենք»: Սա ոչ այլ ինչ է, քան էկումենիկ շարժման հերթական կարեւորում, որի դեմ մեր եկեղեցին դարեր շարունակ պայքարել է: 
Որպեսզի պարզ դառնա Ս. Ռյախովսկու բարոյական աստիճանը, ավելացնենք, որ իր հարցազրույցի վերջում նա փորձում է շահարկել մեր վեհափառ հայրապետ կաթողիկոսի եւ Հայ առաքելական եկեղեցու հետ իր հպանցիկ շփումները` դրանք ներկայացնելով ոչ պատշաճ կերպով:
Ահա այսպիսին է Ռյախովսկու տիեզերապաշտական գաղափարախոսությունը, որը մի կողմից սերմանում է կրոնական ատելություն եւ անհանդուրժողականություն, մյուս կողմից` ոտնահարում է ժողովրդավարական հիմնարար սկզբունքները եւ վերջապես պառակտում եւ օտարի տիրապետությանն է հանձնում հայ ազգը: Եկել է ժամանակը, որ մեր պետությունը պաշտպանի իր քաղաքացիներին իրենց զգացմունքները, իրավունքները, պաշտպանի պետության ու ազգի անվտանգությունը: Դա պետք է արվի թե´ գործնական, թե´ օրենսդրական, եւ թե´ հասարակական ու պետական կյանքի բոլոր այլ ոլորտներում:

««ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԸՆԿԵՐ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»


Նշենք, որ «Կյանքի խոսքի» հայցով եւ «Իրավունք», «Արգումենտի նեդելի» թերթերի դեմ դատավարության ժամանակ հայցվոր կողմը, այսինքն` «Կյանքի խոսքը», դատարանին ներկայացրեց փաստաթղթեր, որոնցից մեկում նշված էր, որ Ռուսաստանի Դաշնության «Հոգեգալստականներ» կրոնական կազմակերպության առաջնորդ Ս.Վ. Ռյախովսկին իր հարցազրույցում պնդում է, որ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ, որի մասին Ռյախովսկին ասում է. «Իմ ընկերներն են Գարեգին Բ-ն, ում հետ հանդիպում եմ ունեցել, արքեպիսկոպոս Եզրասը, Մոսկվայում մենք պաշտպանում էինք Հայ առաքելական եկեղեցու պատիվը ընդդեմ թեմի նախկին առաջնորդի: Ես եւ իմ եղբայրը, ով ճանաչված իրավաբան է, հաղթեցինք դատական գործը Հայ առաքելական եկեղեցու օգտին: Մեզ համար մեծ պատիվ էր պաշտպանել եկեղեցու գույքը եւ արժանապատվությունը»: 
Եղե՞լ է արդյոք հանդիպում վեհափառի եւ Ռյախովսկու միջեւ, արդյոք Ս. Ռյախովսկին հիմք ունի՞ ասելու, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն իր ընկերն է եւ արդյոք անձամբ Ռյախովսկին պաշտպանե՞լ է Հայ առաքելական եկեղեցու պատիվը, մասնակցություն ունեցել եւ հաղթել եկեղեցու գույքի եւ արժանապատվության հարցում` դատարանում: Այս հարցերով դիմեցինք Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ ՏԵՐ ՎԱՀՐԱՄ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԻՆ, որը մեզ փոխանցեց հետեւյալը. «Տարիներ առաջ Հայաստանում գտնվելու օրերին Ս. Ռյախովսկու կողմից դիմում է կատարվել Մայր Աթոռ Ս. Էջմիածին` հանդիպելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Ընդառաջ դիմումին Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում ունեցել է նրա հետ իբրեւ անդամի Ռուսաստանի միջկրոնական խորհրդի, որի կազմում է ընդգրկված նաեւ Ռուսաստանի հայոց թեմը: Կարծում եմ, պատշաճ չէ, որ Ս. Ռյախովսկին իրեն թույլ է տվել նման արտահայտություն: Այո, հանդիպում եղել է, սակայն դա չի կարող հիմք ծառայել նման արտահայտության: Եվ ընդհանրապես «կաթողիկոսի ընկեր» հասկացությունը բացարձակապես անընկալելի եւ անընդունելի է:
Այս առնչությամբ հարկ եմ համարում տալ որոշ լուսաբանություններ: Ռյախովսկու հիշատակած իրավաբան եղբայրը եղել է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի փաստաբանը եւ, բնականաբար, ծառայություններ է մատուցել բոլոր անհրաժեշտ պարագաներում, այդ թվում նաև թեմական կյանքում առաջացած խնդիրների շրջանում: Կարծում եմ, սա բացարձակ առնչություն չունի Ս. Ռյախովսկու անձի հետ եւ չպետք է շահարկվի: Ինչ վերաբերում է ցուցաբերած օգնությանը, ապա հօգուտ եկեղեցական կանոնական վիճակի վերականգնման թեմին իրենց զորակցությունն են հայտնել Ռուսաստանում գործող բոլոր եկեղեցիները, կրոնական կազմակերպությունները, միջեկեղեցական եւ միջկրոնական կառույցները»: 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել