Երեկ Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը, դարձավ յոթ տարեկան: Այդ առիթով ծնողները նրա համար հետաքրքիր օր էին կազմակերպել՝ հրավիրելով դասընկերներին, ինչպես նաև Արմանի սիրելի հերոսներին՝ Betmen-ին, Iron Man-ին, Spider man-ին: Արամը ծնողներից հատուկ նվերներ չի խնդրել, միայն շատ ցանկացել է, որ միջոցառման ժամանակ թղթերով շոու-հրավառություն լինի: BlogNews.am-ը ներկայացնում է ծննդյան խնջույքի հետաքրքիր դրվագները:   

Ծնունդի բոլոր կազմակերպչական հարցերով զբաղվել է Անահիտը. «Յոթ տարեկան տղայի համար համապատասխան ծնունդ ենք կազմակերպել, ամենակարևորը՝ ուզում էինք ծնունդին ամբողջ դասարանը ներկա լիներ, քանի որ չեմ սիրում, երբ երեխաները խմբավորումների են բաժանվում: Որքան էլ որ քառասուն երեխային բարդ է կառավարել, բայց միասնականությունն ավելի կարևոր է»:

Խոսելով որդու նախասիրությունների մասին՝ Անահիտը նշում է, որ շատ լավ պարում է. «Երգելու հետ էլ սեր ունի, բայց, անկեղծ ասած, չէի ցանկանա՝ այդ ուղղությամբ գնար: Մաթեմատիկա և օտար լեզուներ ևս սիրում է, բայց հիմնականում նախընտրում է պարը: Չնայած դպրոց գնալ չի սիրում, բայց բավականին լավ է սովորում»:

Չնայած զբաղվածությանը՝ ծնողները փորձում են օրվա ընթացքում ժամանակ հատկացնել նաև Արմանին, բայց, ինչպես Անահիտն է խոստովանում, այդ հարցում Հայկոն իրեն հաղթում է. հայր ու տղա միասին ավելի շատ ժամանակ են անցկացնում: Իսկ ինչ վերաբերում է նկատողություններ անելուն, Անահիտը խիստ է, Հայկոն՝ բարի. «Այս թեմայով մենք հաճախ վիճում ենք, որովհետև բաներ կան, որ ես չեմ թողնում, իսկ Հայկոյի խիղճը հաճախ չի տանում, որ արգելի»:

Դիզայներ մայրիկի խոսքով՝ տղան շատ լավ ճաշակի զգացում ունի. «Հիմա նրա մոտ այնպիսի տարիք է եկել, որ նա չի թողնում, որ մենք խառնվենք նրա ոճին։ Երբ ավելի փոքր էր, ես և նա առիթներին միանման էինք հագնվում, բայց այս տարի չկարողացա: Բայց ինձ դուր է գալիս, որ նա ունի իր սեփական կարծիքը, և դա փորձում ենք նրա մեջ չկոտրել»:

Այն հարցին՝ որպես նվեր քույր կամ եղբայր չի ուզում, Անահիտն ասում է. «Իհարկե, մոտ ապագայում կմտածենք դրա մասին, բայց Արմանը դրա մասին չի խոսում: Նա չափազանց ինքուրույն երեխա է, անգամ չի սիրում կիսվել իր ուտելիքով: Երբ խոսում ենք քույրիկ կամ եղբայր ունենալու մասին, զայրանում է, բայց, բնականաբար, ուզում ենք քույրիկ պարգևել նրան»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել