Շարունակվում են աշխատանքները Արմավիրի մարզում արձանագրված թունավորման առնչությամբ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Սննդի, շրջակա միջավայրի լվացուկների և ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հոսպիտալացված 88 հիվանդից 63-ն արդեն իսկ բուժվել է և լավացումով դուրս գրվել: Ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 25 հիվանդ, որոնց վիճակը թեթև և միջին ծանրության է:

Ներկա վարկածով հաստատվում է, որ արձանագրված թունավորումը սննդային ծագման է:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 18:34-ին, Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից, որոնցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ 30-ը տեղափոխվել էր Մեծամորի բժշկական կենտրոն և անցնում էր բուժզննում:

Թունավորվածները հոսպիտալացվել էին «Արմավիր» ԲԿ և «Մեծամոր» ԲԿ: Նրանց մեծ մասն արդեն դուրս է գրվել, ոմանք էլ, սակայն, շարունակում են բուժում ստանալ: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել