1926-ին Collier’s ամսագիրը հայտնի գյուտարար Նիկոլա Տեսլայի հետ իր ունեցած հարցազրույցը հրապարակեց, որի բովանդակությունն այն ժամանակ շոկային էր մարդկանց համար: Այսօր էլ այդ խոսակցությունը չի կորցնում իր հետաքրքրությունը:

 

«Սեռային նոր կարգ կստեղծվի, որտեղ կանայք գերիշխող դեր կունենան: Մենք կհաղորդակցվենք շատ արագ գրպանում տեղավորվող փոքր սարքերի միջոցով»:

 

«Ինքնաթիռները կթռչեն երկնքում առանց մարդ-օդաչուների: Մեծ քանակությամբ էներգիա հեռու տարածություններ կփոխանցվի առանց լարերի»:

 

«Երկրաշարժեր առավել հաճախ տեղի կունենան: Ամենահզորները տեղի կունենան մոտակա ժամանակներում»:

 

Նիկոլա Տեսլան այդ պահին 68 տարեկան էր: Նա լուռ նստած էր իր գրասենյակում, ուսումնասիրում էր աշխարհը, որը ինքը փոխել էր իր իսկ ձեռքերով: Նա բարձրահասակ էր, նիհար, սև հագուստ էր կրում և աշխարհին նայում էր հանգիստ ու իմաստուն աչքերով:

Նա հնարավորություն ուներ իրեն շքեղություններ թույլ տալու, սակայն ապրում էր համեստ կյանքով և հատուկ սննդակարգի էր հետևում: Բացի ջրից ու կաթից՝ ոչինչ չէր խմում, երիտասարդ տարիքից ծխախոտ չէր օգտագործել:

Նա ինժեներ էր, գյուտարար, ինչպես նաև փիլիսոփա: Նվիրված էր գիտությանը, սակայն միևնույն ժամանակ չէր մոռանում մարդկային կյանքի հոգևոր առանձնահատկությունների մասին:

«Հիսուն տարի անց աշխարհը շատ կտարբերվի նրանից, ինչ մենք տեսնում ենք այսօր, ինչպես ժամանակակից աշխարհն է տարբերվում կես դար առաջ գոյություն ունեցող աշխարհից»:

Տեսլան Ամերիկա էր տեղափոխվել երիտասարդ տարիքում, և նրա հանճարեղությունը միանգամից աչքի էր ընկել: Շնորհիվ իր հեղափոխական էլեկտրական սարքերի՝ նա գումար էր աշխատում ու մի քանի գործարաններ կառուցու նախ՝ Նյու Յորքում, ապա՝ Կոլորադոյում ու Լոնգ Այլենդում: Այս գործարաններում նա էլեկտրական գիտության համար անհրաժեշտ գյուտեր ու փորձեր էր իրականացնում:

 

«Անլար համակարգերի ի հայտ գալուց հետո ես հասկացա, որ այս նոր «արվեստը» մարդկությանն ավելի շատ օգուտ կբերի, քան ցանկացած այլ գիտական հայտնագործություն, քանի որ այն փաստացիորեն վերացնում է հեռավորությունը»:

 

«Դժբախտությունների մեծ մասը, որոնք ապրում է մարդկությունը, երկրագնդի հսկայական չափերն են, որի պատճառով տարբեր ազգեր չեն կարողանում մոտ կապեր հաստատել»:

«Ողջ աշխարհը հսկայական մի ուղեղի կվերածվի: Մենք կկարողանանք հաղորդակցվել առանց որևէ դժվարության, ակնթարթորեն ու յուրաքանչյուր հեռավորության վրա: Բացի դրանից՝ հեռուստատեսության ու հեռախոսի միջոցով մենք կկարողանանք լսել ու տեսնել միմյանց այնքան հստակորեն, ինչքան իրականում անում ենք դա: Սարքերը, որոնք կօգնեն մեզ դա անել, չափազանց պարզ կլինեն՝ համեմատած ներկայիս հեռախոսների հետ»:

 

«Այդ սարքերը մարդիկ կկարողանան իրենց գրպաններում տեղավորել: Նախագահի ընտրության, սպորտային մրցույթների, պատերազմի կամ երկրաշարժի մասին լուրերը մենք կլսենք հստակորեն, կարծես գտնվում ենք հենց դեպքի վայրում»:

 

«Սահմանները կանհետանան: Երկաթուղային բոլոր ճանապարհները կէլեկտրաֆիկացվեն, իսկ գոլորշու լոկոմոտիվները կհայտնվեն թանգարաններում»:

 

«Թռչող մեքենաներ կհայտնվեն, որոնք ազատ կլինեն ժամանակակից աերոպլանների և դիրիժաբլերի ունեցած բոլոր սահմանափակումներից: Դրանց միջոցով մենք Նյու Յորքից Եվրոպա կհասնենք հաշված ժամերի ընթացքում:

 

«Միջազգային սահմանները մեծ մասամբ կոչնչացվեն. կսկսվի ունիֆիկացիա և տարբեր ռասսաների ներդաշնակեցում: Անլար տեխնոլոգիաները կներդաշնակեցնեն տարբեր երկրների բնակիչների հետաքրքրությունները»:

 

Տեսլան մահացավ աղքատության մեջ, հյուրանոցում, որտեղ երկար տարիներ ապրում էր: Նրա ձայնագրությունները միանգամից գողացվեցին, քանի որ մեծ օգուտներ կարող էին բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել