Tert.am-ը գրում է.
11:32
Վճռաբեկ դատարանի մոտ Սամվել Բաբայանի ազատությունը պահանջող ցուցարարներին մոտեցավ Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի պետ Արմեն Հարությունյանը:
Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց իրենց պահանջը՝ նշելով, որ Սամվել Բաբայանի վերաբերյալ առաջին ատյանի վճիռը բեկանելու և նրան արդարացնելու պահանջ է ներկայացվել Վճռաբեկ դատարանին, սակայն վճռաբեկ բողոքը դեռ վարույթ չի ընդունվել:
«Ինչո՞ւ վարույթ չի ընդունվել, ինչո՞ւ է ձգձգվում»,- հարցեց Թևանյանը:
Արմեն Հարությունյանն ասաց, որ դիմումը մուտքագրվել է մայիսի 2-ին և օրենքով սահմանված կարգով 3 ամսվա ընթացքում կարող է վարույթ ընդունվել: Թևանյանն ասաց, որ իրենց պահանջներից մեկն էլ այն է, որ բողոքն արագ վարույթ ընդունվի:
Կողմերը պայմանավորվեցին, որ Վճռաբեկ դատարանը երկուշաբթի տեղեկություն կհրապարակի բողոքի վարույթ ընդունելու վերաբերյալ, ինչից հետո նախաձեռնող խումբը կորոշի իր անելիքները:
Այնուհետև ցուցարարներին մոտեցավ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը, ում ևս ներկայացվեցին պահանջները, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում գործն ընդունվի վարույթ:
«Օրենքը վերապահել է ժամկետ, քրեական պալատը որևէ անգամ չի պահել, որ գործը վարույթ ընդունվի ժամկետի ավարտին, հնարավորինս արագ են այդ գործերը վարույթ ընդունվում: Ռեալ ժամանակ է պետք ցանկացած գործի համար, ոչ ոք հստակ ժամկետ չի կարող նշել, դա կլինի ոչ ողջամիտ մոտեցում»,- ասաց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը: