Միանգամից ասեմ, որ դեմ եմ այդ առաջարկությանը:

Ես 2011 թվականից, այսպես ասած, ակտիվ վարորդ եմ: Տարեկան միջինում 30.000 կմ մեքենա եմ վարում, հիմնականում Երևանում: Մինչև այժմ արագաչափերով ոչ մի անգամ չեմ տուգանվել: Տեսախցիկներով այս տարիների ընթացքում տուգանվել եմ 3 անգամ՝ 2 անգամ գիծ տրորելու ու 1 անգամ՝ մի քիչ թեք կանգնելու համար: Ես բացառիկ վարորդ չեմ: Ինձ պես հազարավոր վարորդներ կան: Այսինքն՝ արագաչափերն ու տեսախցիկները սարսափելի չեն, ու կարելի է խուսափել շատ տուգանքներից:

Ես դեմ եմ, որ արագաչափերն ու տեսախցիկները չգործեն, թեկուզ ժամանակավոր: Հասկանալու համար, թե ինչ կլինի այդ ժամանակ, առաջարկում եմ կես ժամով լինել առանց տեսախցիկի մնացած բանուկ խաչմերուկներում (միայն կարմիր լույսի տակով անցնողները բավական են): Վստահ եմ, որ դրանց չգործելու դեպքում քաղաքում սկսվելու է երթևեկության բեսպրեդելը: ՃՈ տեսուչները միանշանակ չեն կարողանալու հարցերը լուծել․ նրանք անդադար խաչմերուկներում չեն լինելու:

Ես դեմ եմ նաև, որ մարվեն մինչ այս արձանագրված ու չմուծված տուգանքները: Դրանք սովորաբար կուտակված են տասնյակներով ու հասնում են հարյուր հազարավոր, երբեմն միլիոնավոր դրամների մեկ հոգու մոտ: Էական չէ այդ մարդու աշխատանքը. այդպիսի վարորդն ուղղակի արհամարում է երթևեկության կանոններն ու դրա բոլոր մասնակիցներին: Այդպիսի վարորդներին ոչ թե պետք է ներվեն տուգանքները, այլ նրանք պետք է զրկվեն վարորդական իրավունքից: Կարող եմ տաքսու վարորդների ու առաքիչների ցույց տալ, ովքեր օրինակելի վարորդներ են:

Կարելի է 0-ացնել եղած տուգանքների վրա եկած հավելյալ տույժերն ու հնարավորություն տալ մարդկանց մուծել մայր գումարը: Տուգանքներն ամբողջովին վերացնելու արդյունքում այդ օրինախախտ վարորդներն ավելի շատ են օրենքները խախտելու: Ու այդպես ստացվում է՝ հավասարեցվում են ամենավատ ու օրինապահ վարորդները, վերջիններս նույնիսկ ավելի վատ վիճակում են հայտնվում. նրանք պարտաճանաչ մուծել են իրենց հազվագյուտ տուգանքները:

Միանշանակ կողմ եմ, որ վերանայվեն տուգանքների չափերն ու դրանց արձանագրելու քաղաքականությունը: Տուգանքների չափերը չեն համապատասխանում քաղաքացիների եկամուտներին: Երթևեկության մասնակիցների համար ոչ վտանգավոր խախտումները կարելի է չարձանագրել ու միայն զգուշացնել դրանց համար (գիծ տրորելը, մի քիչ թեք կանգնելը և այլն): Վերջերս ՃՈ-ն սկսել էր տուգանել ուղիղ երթևեկությանը խոչընդոտելու համար՝ հատկապես խաչմերուկներին ու շրջադարձերի վրա: Դա միանաշանակ դրական էր ազդել երթևեկության վրա:

Արագաչափերի ու տեսախցիկների ողջ գումարը պետք է գնա պետական բյուջե:

Հուսամ՝ կառավարությունը մանրամասն կուսումնասիրի հարցը, կլսի տարբեր կարծիքներ մինչև վերջանական որոշում կայացնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել