Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Արմեն Գրիգորյանը. «Այո՛, ես նշանակվել եմ Անվտանգության խորհրդի քարտուղար»:
Արմեն Գրիգորյանը քաղաքագետ է, հրապարակախոս։ Ծնվել է 1983 թվականին: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունում։
Նշենք, որ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են` վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով: