Սերն առաջին հայացքից նման է արևային հարվածի, կայծակի ճայթյունի: Դու առաջին անգամ տեսնում ես նրան և հասկանում, որ սիրահարվել ես: Ինչպե՞ս ընդունել նոր զգացմունքը:
Երբ ֆիլմերից մեկի հերոսին հարցրին՝ արդյոք հավատում է սիրուն առաջին հայացքից, նա զարմացավ. մի՞թե ուրիշ սեր էլ է լինում:
Ի՞նչն է պատճառը, որ հենց նա քեզ վրա այդքան մեծ տպավորություն թողեց: Ինչո՞ւ առաջին հանդիպման ժամանակ սիրտդ սկսեց թրթռալ, իսկ հոգիդ լցվեց անհուն ուրախությամբ…
Կան մի շարք բացատրություններ:
Պատճառներից մեկը պայմանավորված է ֆերոմոնների ներգործությամբ, որոնք օրգանիզմն արտադրում է հակառակ սեռին գրավելու համար: Անհասկանալի է միայն, թե ինչու մեկի ֆերոմոնների ազդեցությունից գլուխդ պտտվում է, իսկ մյուսների կողքով անցնում ես անտարբեր:
Ամերիկացի հոգեբաններն անցկացրել են հետևյալ հետազոտությունը. 48 անծանոթ կին և տղամարդ խոսակցության ընթացքում նայել են միմյանց աչքերին: Պարզվել է, որ երկարատև հայացքն ուժեղացնում է սիրահարվածության զգացումը և վստահությունը զուգընկերոջ հանդեպ:
Եթե մարդը, որն անթարթ նայում է աչքերիդ, քեզ հաճելի է, շարունակում ես կոնտակտ պահել նրա հետ: Եվ առաջանում է սեր առաջին հայացքից: Իսկ եթե նա քեզ տհաճ է, հեռացնում ես աչքերդ, և ոչինչ չի պատահում: Առաջին հայացքից ծագած սերը բացատրվում է նաև նրանով, որ հակառակ սեռի մեջ մենք փնտրում ենք մեր հորը (մորը) հիշեցնող գծեր: Եթե մենք հանդիպում ենք նման մեկին, առաջանում է սեր առաջին հայացքից:
Մենք հաճախ սիրահարվում ենք նրանց, ում աչքերի մեջ տեսնում ենք մեր արտացոլանքը: Իսկ միստիկային հակված մարդիկ հավատում են, որ անցյալ կյանքում բաժանված սիրահարներն անպայման պետք է հանդիպեն նորում և ճանաչեն միմյանց:
Բայց ինչքան տարբերակներ էլ լինեն, իսկ դրանք բազմաթիվ են, այս երևույթին հանդիպած մարդկանց մոտ առաջանում է մի հարց. կարելի՞ է վստահել առաջին հայացքից ծագած զգացմունքին…
Սիրո մեջ ընդհանրապես երաշխիքներ չկան: Պետք է միայն պարզել՝ ինչ հարաբերություններ ես ուզում ունենալ տվյալ մարդու հետ:
Եթե նրա մեջ քեզ ձգում է միայն ֆիզիկական կողմը, ուշադրություն դարձրու, թե որքանով են համընկնում ձեր հետաքրքրությունները, շրջապատը: Եթե դրանք շատ տարբեր են, ձեր հարաբերությունները դժվար թե ամուր լինեն: Կարող է նաև այնպես պատահել, որ նրա մեջ տեսնես ոչ թե անհատականության, այլ այն գծերը, որ ուզում եք տեսնել (հիշեցնող ձեր հորը կամ նախկին ընկերոջը): Իսկ եթե քեզ հաջողվի ընդունել նրան, ինչպես որ կա, ապա մեծ է հավանականությունը, որ ձեր հարաբերությունները բարեհաջող ընթացք կստանան:
  
Սերն առաջին առաջին հայացքից ոչնչով վատ չէ երկրորդից կամ երրորդից: Իրական կյանքում շատ են դեպքերը, երբ մարդիկ սիրահարվում են հազիվ իրար տեսած և երջանիկ ապրում են ողջ կյանքը: Եթե քեզ այցելել է այդ զգացմունքը, վայելիր այն, այդ դեպքում ֆիլմի հերոսի պես կարող ես ասել՝ իսկ մի՞թե ուրիշ սեր էլ է լինում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել