168․am-ը գրում է

Արդի աշխարհում ընկճախտի արմատը կրթության մատերիալիստական համակարգն է, մինչդեռ «հույզերի հիգիենայի» դասավանդման հիման վրա դրա փոփոխումը լավագույն դեղամիջոցն է մարդկությանը համակած հիվանդության դեմ:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Դալայ-լաման՝ ամփոփելով Դհարամսալա հյուսիսհնդկական քաղաքի իր նստավայրում ռուս առաջատար գիտնականների հետ կայացած հանդիպման արդյունքները:

«Կարծում եմ՝ այսօր մարդիկ այդ խնդրին բախվում են ամենուրեք, այդ թվում՝ Հնդկաստանում, որտեղ ապրում եմ ես… Բանն այն է, որ ժամանակակից կրթությունը խիստ արտահայտված մատերիալիստական ուղղվածություն ունի»,-ասել է տիբեթյան բուդդայականության հոգեւոր առաջնորդը: Նրա խոսքով՝ կրթության այդ համակարգն անցած մարդիկ իրենց կյանքը կառուցում են նյութական արժեքների վրա, եւ երբ նրանք դժվարությունների են բախվում իրենց ներքին կյանքում կամ հուզական խնդիրներունենում, չգիտեն ինչպես լուծել դրանք: «Այնպես որ խնդիրը կրթության արդի համակարգի մեջ է:

Կարծում եմ՝ դրանում անհրաժեշտ է ներառել հույզերի հետ աշխատելու դասերը: Ինչպես որ մենք երեխաներին սովորեցնում ենք մարմնի հիգիենան, հարկավոր է նրանց ուսուցանել նաեւ մտածողության, հույզերի հիգիենա»,-պարզաբանել է Դալայ-լաման: Վախ, զայրույթ ապրելով՝ մարդը սովորաբար կարծում է, որ դա իր բնության անբաժանելի մասն է: «Բայց եթե ձեզ պատմեն հույզերի հիգիենայի մասին, ապա դեռ մինչեւ զայրույթի մոտենալը դուք կկարողանաք մտածել. «Մոտենում է զայրույթը, դա վնասակար հույզ է»:

Եվ կջանաք ջանքեր ներդնել թուլացնելու այն»,-նշել է Դալայ-լաման: Բացի այդ, նա վկայակոչել է հետազոտությունների տվյալներ, որոնց համաձայն, երբ վրա է հասնում զայրույթը, դրա օբյեկտը մեզ ներկայանում է հարյուր տոկոսով բացասական: «Մինչդեռ իրականում այդ բացասական որակների 90 տոկոսը սոսկ մեր երեւակայության պտուղն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել