Tert.am-ը գրում է.

Ադրբեջանն անընդհատ «վռազում է» ինտենսիվ բանակցություններ սկսել: Այնինչ պաշտոնական Բաքուն հետաքրքրված չէ բուն բանակցություններով: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: 

«Ադրբեջանը բանակցելու խնդիր չունի, նրանք ուզում են պրոցեսը պահել իրենց ձեռնտու ձևով: Նրանք ամեն ինչ անում են, որ ոչինչ չփոխվի հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումից հետո, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պետք է բանակցի Ղարաբաղը, ոչ թե Հայաստանը: Այսուհետ Հայաստանը խոսելու է Հայաստանի ժողովրդի անունից, Ղարաբաղը՝ իր»,- ասաց Մանվել Սարգսյանը: 

Ըստ նրա՝ չի բացառվում, որ բանակցային գործընթացում փոփոխություն լինի, ինչը Ադրբեջանի «սրտով չէ»:

«Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանի իշխանությունները խոսեն Հայաստանի անունից, իսկ Ղարաբաղի իշխանությունները՝ Ղարաբաղի:

Նախ և առաջ խոսքը բանակցային սեղանին գտնվող Մադրիդյան սկզբունքների մասին է, որոնք վերաբերում են բացառապես Ադրբեջանին ու Ղարաբաղին: Հայաստանի մասին այդտեղ ոչինչ չկա: Ու շատ մեծ սխալ էր, որ Հայաստանի իշխանություններն էին բանակցում Մադրիդյան փաստաթղթի շուրջ, որովհետև դրանց սկզբունքները չեն վերաբերում Հայաստանին: Հայաստանը միջնորդներին պետք է ասի, որ քննարկելու է այն հարցերը, որի համար պատասխանատվություն է կրում»,- նշեց քաղաքագետը: 

Մանվել Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը որպես բանակցող կողմ Ադրբեջանի հետ պետք է բանակցի Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցերով, որովհետև ՀՀ-ն Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: «Հակամարտության կարգավորման խնդիրը Հայաստանին բացարձակապես պիտի չվերաբերի: Խնդիրն այսպես պետք է դրվի ու Ադրբեջանը ստիպված կլինի խոսել Ղարաբաղի հետ»,- նշեց Մանվել Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել