Tert.am-ը գրում է.

Բրիտանական The Independent պարբերականն անդրադարձել է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման ֆոնին իսրայելա-պաղեստինյան հակամարտության կտրուկ սրմանը, որի հետևանքով զոհվել է մոտ 60 մարդ, տուժել՝ 2.400-ից ավելին:

Պարբերականի խմբագրակազմի ներկայացրած հոդվածում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր այս քայլով «վերացրեց իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝ կողմերին ձեռնտու կարգավորման վերաբերյալ բոլոր հույսերը»:

Հեղինակները նշում են, որ «Գազայի հատվածի սահմանին՝ շրջափակված տարածքներում, ընթացող զանգվածային անկարգությունների ֆոնին այրվող կրակները շատ ավելի մեղմ ու հյուրընկալ են ի տարբերություն այն կրակների, որոնցում հանդերձյալ կյանքում հազարավոր տարիներ շարունակ այրվելու է Թրամփը»:

«Դեսպանատան բացումից առաջ Ամերիկյան ավետարանական եկեղեցու առաջնորդներից Ջոն Հեյջին հայտարարեց, որ Թրամփն այս որոշմամբ պատմության մեջ անմահանալուն ուղղված քայլ արեց ու հազարամյակներ շարունակ հիշվելու է իր քաջ արարքի շնորհիվ:

Քահանան գրեթե ճիշտ էր. իհարկե նախագահը շատ երկար ժամանակ կհիշվի իր այս որոշմամբ, բայց միայն թե ոչ քահանայի նշած «քաջ» արարքի համար: Չէ՞ որ նրա արհամարհական դիվանագիտության հետևանքով տասնյակ մարդիկ՝ այդ թվում նաև 8 ամսական երեխա զոհվեցին»,-նշվում է անդրադարձում:

Հեղինակների համոզմամբ՝ ինչքան էլ նախագահի կուսակիցները՝ հանրապետականները, և Պետքարտուղությունը լռեն Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումների ու պաղեստինցի ցուցարարների դեմ դաժան վարքի մասին, այնուհանդերձ՝ ամերիկյան մեդիան ուղղակի կատաղած է ցուցարարների դեմ կիրառվող բռնության, մահվան դեպքերի մեծ թվի, տարածաշրջանային խաղաղությունը կրկին վտանգելու փաստերի առնչությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել